Թբիլիսիում, ցույցի ժամանակ վարչական կարգով ձերբակալված մի քանի անձ ազատվել է
Թբիլիսիում, ցույցի ժամանակ վարչական կարգով ձերբակալված մի քանի անձ ազատվել է

Թբիլիսիում, ցույցի ժամանակ վարչական կարգով ձերբակալված երեք անձ ազատ է արձակվել: Փաստաբան Գիորգի Մախարաձեի հայտարարությամբ, այս պահին ազատեն արձակվել  «Թեթրի խմաուրի» (սպիտակ աղմուկ) շարժման հիմնադիրներից մեկը՝ Բեքա Ծիքարիշվիլին, «Բասիանի» ակումբի աշխատակից Գիորգի Ճինճարաուլին և Բրիտանիայի քաղաքացի Մայլո Տրավերսը:

Փաստաբանի խոսքերով, երեքին էլ ձերբակալել են «Բասիանի» ակումբի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ:

«Նրանց ձերբակալել են իրավապահներին չհնազանդվելու և մանր խուլիգանության մեղադրանքով: Ձերբակալվածներին տեղափոխել էին Սագարեջոյի նախնական ձերբակալության մեկուսարան: Թե երբ է տեղի ունենալու նրանց դատական նիստը դեռևս անհայտ է»,-հայտարարել է փաստաբանը:

Դրա հետ մեկտեղ, «Գիրչի» շարժման լրատվությամբ, ազատել են նաև վարչական կարգով ձերբակալված Զուրաբ Ջափարիձեին: Այս հարցով կուսակցությունում տեղի է ունենալու մամլո ասուլիս:

Խորհրդարանի դիմաց անցկացվող ակցիային, որտեղ բողոքում էին «Բասիանի» և «Գալերի» ակումբներում անցկացված հատուկ գործողությունների դեմ, տեղի է ունեցել բախում, որից հետո վարչական կարգով ձերբակալվել է մոտ 20 մարդ:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, «Բասիանի»-ում և «Գալերի»-ում ձերբակալված է թմրանյութ իրացնող 8 անձ:

«Ներքին գործերի նախարարությունը 3 ամսվա ընթացքում Թբիլիսիի «Բասիանի»  և «Գալերի» ակումբներում թմրանյութի իրացման փաստերը հայտնաբերելու համար իրականացնում էր ինտենսիվ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ:

2018 թվականի մայիսի 12-ին նշված ակումբներում դատարանի որոշման հիման վրա անցկացվել են համապատասխան քննչական գործողություններ: Ձերբակալվել է թմրանյութ իրացնող 8 անձ»,- հայտարարում են ՆԳՆ-ում: