Թայվանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ
Թայվանում ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 4 մարդ

Երեքշաբթի ուշ երեկոյան Թայվանում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 4, տուժել՝ 219 մարդ, իսկ 173-ի հետ կապ չի հաստատվել, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:

6,5 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել փետրվարի 6-ին, տեղական ժամանակով 23.50-ին կղզու հյուսիս-արեւելքում Խուալյան գավառում: Երկրաշաժի օջախը գտնվում է 11 կմ խորությամբ: Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը գրանցել է ավելի քան 4,5 մագնտուդով նվազագույնը 5 հետցնցում, ինչպես նաեւ 5,2 մագնիտուդով 2 հետցնցում:

Երկրաշարժի հետեւանքով լուրջ ավերածություններ են եղել, առնվազն 5 շենք մասնակի կամ ամբողջությամբ ավերվել է Խուալյան քաղաքում, այդ թվում՝ 11-հարկանի հյուրանոց, ինչպես նաեւ ռազմական հոսպիտալի շոենքը: Վերջին տեղեկություններով՝ փլուզվել են հյուրանոցի շենքի առաջին 3 հարկերը, բազմաթիվ հյուրեր արգելափակված են, նրանցից 116-ին արդեն հաջողվել է տարհանել:

Խափանումներ են առաջացել տրանսպորտի աշխատանքում եւ էներգամատակարարման համակարգում, ավելի քան 700 տուն հոսանքազրկվել է: Վնասվել է նաեւ Խուալյան քաղաքի կամուրջը:

Որոնողափրկարարական գործողությունը շարունակվում է, որին մասնակցում են զինվորականները, հրշեջները, փրկարարները, բժիշկները եւ ոստիկանական շներ: