Սովորական կյանքին կվերադառնանք հաջորդ ձմեռ. «Կովիդ 19»-ի պատվաստանյութի ստեղծող
Սովորական կյանքին կվերադառնանք հաջորդ ձմեռ. «Կովիդ 19»-ի պատվաստանյութի ստեղծող

«Կովիդ 19»-ի պատվաստանյութը ստեղծող պրոֆեսոր Ուգուր Սահինը համոզված է, որ պատվաստանյութը կտրուկ կնվազեցնի վարակի փոխանցման արագությունը: Այս մասին Սահինն ասել է «Բի Բի Սիին» տված հարցազրույցում:

«Ես շատ վստահ եմ, որ այս արդյունավետ պատվաստանյութը կնվազեցնի մարդկանց միջև վարակի փոխանցման արագությունը: Միգուցե ոչ 90 տոկոսով, սակայն 50 տոկոսով, բայց չպետք է մոռանանք, որ սա նույնպես կօգնի նվազեցնել համավարակի տարածումը»,- ասել է պրոֆեսորը:

Սահինի խոսքով, ընթացիկ ձմեռը կշարունակվի սաստիկ լինել, և եթե իրադարձությունները լավ զարգանան, պատվաստանյութերի բաշխումը կսկսվի մինչև տարեվերջ: Պրոֆեսորի խոսքով, պատվաստանյութը կկարողանա ազդել վարակի վրա, երբ այն տարածվի ամբողջ աշխարհում:

«Ամառը կօգնի մեզ, քանի որ վարակի մակարդակը կնվազի, և անհրաժեշտ է, որ այս ժամանակահատվածում մենք ունենանք մասսայական պատվաստումներ, մինչև հաջորդ տարվա աշուն-ձմեռ»,- ասել է Սահինը:

«Կովիդ 19»-ի տարածումից գրեթե մեկ տարի անց, ամբողջ աշխարհում արձանագրվել է վարակի ավելի քան 54 միլիոն դեպք, որի արդյունքում մահացել է 1 313 263 մարդ:

Թողնել մեկնաբանություն