Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահության թեկնածու է ներկայացրել Արմեն Սարգսյանին
Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահության թեկնածու է ներկայացրել Արմեն Սարգսյանին

Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնին կառավարող կուսակցությունից նախահության թեկնածու է ներկայացրել Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի գործող նախագահի մամլո ծառայությունը, Սերժ Սարգյանը այսօր նախագահի նստավայրում հանդիպել է Արմեն Սարգսյանին:

«Հարգելի՛ պարոն Սարգսյան,

Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահը պետք է լինի կայացած և վառ անձնավորություն, քաղաքականապես պատրաստված և կոփված պետք է լինի, բայց ոչ քաղաքականացված:

Երեկ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնում մենք անդրադարձել ենք այս հարցին, և ես, հաշվի առնելով Ձեր ունակությունները, Ձեր որակական հատկանիշները, առաջարկել եմ իմ գործընկերներին՝ առաջարկել Ձեզ համաձայնություն տալ մեր քաղաքական ուժի անունից առաջադրվել որպես Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահի թեկնածու: Դուք կայացած գիտնական եք, վարել եք Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, ունեք դիվանագիտական մեծ փորձ, և սա է պատճառը, որ մենք լրջորեն քննարկել ենք Ձեր թեկնածությունը: Շնորհակալ եմ իմ գործընկերներին, ովքեր միաձայն պաշտպանեցին իմ առաջարկությունը:

Իհարկե, շատ ցանկալի է, որ Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահն ընտրվի խորհրդարանական լայն համաձայնության պայմաններում: Եվ հաշվի առնելով մեր այս ցանկությունը՝ կարծում եմ, որ Ձեր մտորումների ժամանակ ճիշտ կլինի, որպեսզի հանդիպեք մեր կոալիցիոն գործընկերոջը՝ Դաշնակցությանը, խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերին՝ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցություններին և տեսանելի ապագայում որոշում կայացնեք, որովհետև այդ ընտրությունները պետք է տեղի ունենան մարտի սկզբին: Եվ մեր ցանկությունն է, որ այդ ընտրությունները տեղի ունենան մեկ փուլով, և մարտի սկզբին մենք արդեն ունենանք Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ: Ի՞նչ եք կարծում այս առումով»,- ասել է Հանրապետության Նախագահը:

Նշենք, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների արդյունքում Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի: Առաջին անգամ ՀՀ նախագահն ընտրվելու է ոչ թե համաժողովրդական ընտրությունների միջոցով, այլ Ազգային ժողովի կողմից: Նոր նախագահն ընտրվում է 7 տարի ժամանակով եւ իրավունք ունի միայն մեկ անգամ լինել նախագահ:

Ըստ Սահմանադրության, ՀՀ նախագահ առաջադրելու իրավունք ունի ԱԺ պատգամավորների թվի 1/4-ը: Նման հնարավորություն, ըստ էության ունեն միայն ՀՀԿ-ն եւ «Ծառուկյան» խմբակցությունը: Քանի որ «Ծառուկյան» խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք թեկնածու չեն առաջադրելու, հետեւաբար, Արմեն Սարգսյանը կլինի ՀՀ նախագահի միակ թեկնածուն:

Ըստ նախնական տեղեկությունների, ՀՀ նախագահի ընտրությունն Ազգային ժողովում տեղի կունենա մարտի 2-ին, ընտրվելու համար Արմեն Սարգսյանը պետք է ստանա ձայների 3/4-ը (79 ձայն):