Սալոմե Զուրաբիշվիլին Օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցի առնչությամբ տարածում է ուղերձ - Բռնազավթման դեմ մեր պատասխանն է՝ ո'չ ընտելանալուն
Սալոմե Զուրաբիշվիլին Օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցի առնչությամբ տարածում է ուղերձ - Բռնազավթման դեմ մեր պատասխանն է՝ ո'չ ընտելանալուն

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին 2008 թվականի օգոստոսի պատերազմի 11-րդ տարելիցի առնչությամբ տարածում է ուղերձ, որը ներկայացնում ենք անփոփոխ.

«Այսօր Ռուսաստան-Վրաստան պատերազմից անցել է 11 տարի:

2008 թվականի պատերազմը վրաց հասարակության համար մնում է բաց վերք: Վերք այն ծնողների համար, որոնք պատերազմում կորցրեցին իրենց երեխաներին և երեխաների համար, որոնք այս պատերազմի արդյունքում մեծանում են առանց հայրերի:

Որպես գլխավոր հրամանատար, որպես մայր և այս երկրի շարքային քաղաքացի, խոնարհվում եմ մեր հերոսների վառ հիշատակի առջև:

Պատերազմը բաց վերք է այն մարդկանց համար, որոնց տունը, հողը, նախնիների գերեզմանը, աղոթատեղիները մնացին բռնազավթված տարածքում: Չնայած այս ցավին և ամենօրյա վիրավորանքին, նրանք շարունակում են հերոսաբար ապրել շփման գծում: Մեր և իմ պարտականությունն է լինել նրանց կողքին և հոգալ նրանց անվտանգության համար:

Բռնազավթման դեմ մեր պատասխանը պարզ է՝ ո’չ ընտելանալուն:

Մենք չենք հաշտվում և չենք հաշտվի ոչ Գալիում և Ախալգորիում վրացիների իրավունքների ոտնահարման, ոչ՝ մեր օս և աբխազ քաղաքացիներին ճնշման և ոչ էլ՝ նրանց լեզվի և ինքնության ոչնչացման հետ:

Բռնազավթման դեմ մեր պատասխանն է նաև քաղաքական և տնտեսական կայունությունը, զարգացման ճանապարհի շարունակումը: Պատերազմը և օկուպացիան չփոխեցին մեր ուղղությունը… Հենց սրանում է մեր ամենամեծ ուժը:

Չընտելանալ՝ նշանակում է չկորցնել հույսը և նպատակը:

Ինչպես 2005 թվականին կարողացանք խաղաղ ձևով ռուսական ռազմաբազաները դուրս բերել Վրաստանից, հավատում եմ, որ կկարողանանք վերացնել օկուպացիան և ձևավորել նոր հարաբերություն: Գերմանիայի օրինակը ցույց է տալիս, որ մշտական որևէ բան գոյություն չունի, միշտ կարելի է հաղթել հուսահատությանը:

Պետք է կարողանանք մոբիլիզացնել մեր գործընկերներին, որպեսզի հակամարտությունների լուծումը դառնա ինչպես մեր, այնպես էլ՝ նրանց առաջնահերթությունը: Այս պատվապաահանջը առաջիկայում կհնչեցնեմ ՄԱԿ-ի գերագույն ամբիոնից:

Վրացիներիս բնորոշ է հուսահատությունը, ուստի պետք է հավատանք, որ կգա օր և Ռուսաստանը ևս կհամոզվի, որ պատերազմը, բռնագրավումը, պետական սահմանների անտեսումը պետք է հանձնել անցյալին: Այսօրվա աշխարհում, որտեղ բոլորիս սպառնում են գլոբալ վտանգները և մարտահրավերները, կայունությունը պարտադիր է: Ոչ միայն մեզ, որպես փոքր երկրի համար, այլ՝ ցանկացած երկրի համար, եթե նա ձգտում է դեպի զարգացում և սեփական ժողովրդի բարօրություն:

Ես ունեմ պատասխանատվություն. Թույլ չտալ այն, ինչը վտանգ կստեղծի Վրաստանի պետականության համար, առավելագույնս խուսափելնք սադրանքներից: Միևնույն ժամանակ պարտադիր է ավելացնել մեր զորքի պաշտպանունակությունը, որպեսզի պատերազմի ողբերգությունը երբեք չկրկնվի, պաշտպանված քաղաքացին նայի առաջ և պաշտպանված տարածքը տա կայուն զարգացման հիմք: Մեր հզորացումը որևէ մեկի դեմ ուղղված չէ և ոչ ոքին չի սպառնում: Հակառակը՝ մեր խաղաղ քաղաքականությունը կայուն է և անշրջելի:

Գոյություն ունեցող հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու համար ամենահզոր զենքը մեր միասնությունն է, ուստի ես կամ և կլինեմ գլխավոր պայքարողը հանրային համաձայնության գալու գործում:

Վրացական հանրության մեջ առանց համաձայնության անհնար է հաշտեցնել պատերազմից տուժած և բաժանված աբխազ և օս հասարակությանը: Սա է երկրի ամբողջացման միակ ուղին:

Բոլորս պետք է հաղթահարենք պատերազմի հետքը մեր գիտակցության մեջ: Անցյալի դասերը դարձնենք հզորացման հիմք: Ուղղված լինենք դեպի ապագան:

Բոլոր արժանի երկրները միավորվում են պատերազմի հարցի շուրջ: Պատերազմի հարցը պետք է լինի ոչ թե հասարակությունը բևեռացնելու և պառակտելու հիմք, այլ՝ դրա միացնողը:

Ուստի անհրաժեշտ է հաղթահարել ատելությունը, բարձրացնել քաղաքավարության մակարդակը և պետական գիտակցությունը:

Միայն միասնությունն է պետության ապագան կերտելու և այն վերջնական միավորելու նախապայմանը»,- ասվում է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու ուղերձում:

Թողնել մեկնաբանություն