Սալոմե Զուրաբիշվիլին՝ Մայք Փոմփեոյին. Մեր տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս
Սալոմե Զուրաբիշվիլին՝ Մայք Փոմփեոյին. Մեր տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս

«Մեր տարածաշրջանին և աշխարհին անհրաժեշտ է խաղաղ, կայուն և ժողովրդավարական Կովկաս», – այս հայտարարությունն արել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին՝ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ:

Վրաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սալոմե Զուրաբիշվիլին նշել է, որ պաշտոնական շրջագայության շրջանակներում ԱՄՆ պետքարտուղարի ժամանումը մեր երկիր ևսս մեկ անգամ հաստատում է Վրաստանի, Կովկասի և Սև ծովի կարևորությունը Միացյալ Նահանգների համար:

«Այս կարևորությունն աճել է տարածաշրջանում նոր իրավիճակի ֆոնին: Խաղաղությունն այլընտրանք չունի, և տարածաշրջանի տնտեսական և քաղաքական զարգացումը բխում է մեր ընդհանուր շահերից: Վրաստանը տարածաշրջանում կրկին արժանի գործընկեր է և հուսալի հենարան ԱՄՆ-ի համար՝ այս շահը պաշտպանելու համար», – ընդգծել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ պետքարտուղարին՝ Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը կայուն աջակցելու համար և նշել, որ խաղաղ դե-օկուպացիայի հասնելն այլընտրանք չունի: Սա պահանջում է արդյունավետ բանակցություններ, ժնևյան ձևաչափի ամրապնդում և բոլոր հնարավոր այլ ձևաչափերի կիրառում:

Նախագահը նշել է, որ մեր երկրների միջև երեք տասնամյակ տևողությամբ բարեկամությունը երբեք կասկածի տակ չի դրվել, քանի որ այն հիմնված է ընդհանուր արժեքների վրա – ժողովրդավարություն, օրենքի գերակայություն և, ամենակարևորը, ազատություն:

Մայք Փոմփեոյի հետ հանդիպման ժամանակ նախագահը հույս է հայտնել, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև առկա համագործակցությունը կտեղափոխվի նոր մակարդակ և բանակցություններ կսկսի ազատ առևտրի վերաբերյալ:

«Մեր հարաբերությունները կամրապնդվեն ռազմավարական գործընկերության խորացմամբ, Սևծովյան անվտանգության հարցերի շուրջ համագործակցությամբ և Եվրատլանտյան ինտեգրման ճանապարհին Վրաստանին ԱՄՆ-ի աջակցությամբ: Սրանք հարցեր են, որոնք մեծ աջակցություն են վայելում վրացական և ամերիկյան հասարակություններում և քաղաքական սպեկտրում», – հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլու և Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քատուղարի հանդիպումը կայացել է նախագահի վարչությունում:

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղար Մայք Փոմփեոն հանդիպում է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանիին: Նա հանդիպելու է նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի հետ: Հանդիպում կանցկացվի նաև Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Մայք Փոմփեոն Վրաստան է ժամանել երեկ և նա այսօր կավարտի իր այցը, իսկ այնուհետև կմեկնի Իսրայել: