Սալոմե Զուրաբիշվիլի. Սաակաշվիլու հայտարարությունները աղավաղում են պատմությունը և վիրավորական են մեր դաշնակից ազգերի և առաջնորդների համար
Սալոմե Զուրաբիշվիլի. Սաակաշվիլու հայտարարությունները աղավաղում են պատմությունը և վիրավորական են մեր դաշնակից ազգերի և առաջնորդների համար

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու կողմից օգոստոսի պատերազմի առնչությամբ հարցազրույցում արված հայտարարություններին: Սալոմե Զուրաբիշվիլին «Թվիթերում» գրում է, որ Սաակաշվիլու հայտարարությունները աղավաղում են պատմությունը և վիրավորական են մեր դաշնակից ազգերի և առաջնորդների համար:

«Նախագահ դառնալուց հետո նշեցի, որ երբեք մեկնաբանություն չէի անի Սաակաշվիլու կարծիքի մասին, նույնիսկ, եթե անձամբ ինձ համար լիներ վիրավորական:

Սակայն նրա վերջին հարցազրույցը 2008 թվականի պատերազմի ժամանակ Արևմուտքի հետ հարաբերությունների մասին, անցավ բոլոր սահմանները, որը վնասում է Վրաստանի ռազմավարական շահերը:

Սաակաշվիլու հայտարարությունները աղավաղում են պատմությունը և վիրավորական են մեր դաշնակից ազգերի և առաջնորդների համար, որոնք Վրաստանի կողքին են անկախության ձեռքբերման առաջին օրից:

Վրաց ժողովրդի անունից մեկ անգամ ևս երախտապարտ եմ եվրոպացի և ամերիկացի դաշնակիցներին՝ աջակցության համար, որը նրանք ցուցաբերեցին 2008 թվականի պատերազմի շրջանում և դրանից հետո»,- գրում է Վրաստանի նախագահը թվիթերյան էջում:

«Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտին» տված հարցազրույցում Միխեիլ Սաակաշվիլին 11 տարի առաջ տեղի ունեցած մարտական գործողությունները գնահատելիս շատ սուր կերպով քննադատել էր Ֆրանսիայի այն ժամանակվա նախագահ Նիկոլա Սարկոզիին, որը 2008 թվականին Եվրամիության նախագահ երկրի առաջնորդն էր և հենց նրա միջնորդությամբ կնքվեց հրադադարի պայմանագիր օգոստոսի 12-ին: Սաակաշվիլին բացասական համատեքստում էր հիշատակել նաև Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարարին, Ամերիկայի այն ժամանակվա պետական և պաշտպանության քարտուղարներին: