Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ենթարկել իրեն, նա խաղում է մեր նյարդերի հետ
Սալոմե Զուրաբիշվիլի. Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ենթարկել իրեն, նա խաղում է մեր նյարդերի հետ

Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ենթարկել իրեն, նա խաղում է մեր նյարդերի հետ,- այս մասին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է Ֆրանսիա այցի շրջանակներում «MEDEF» միջազգային համաժողովին խոսքով ելույթ ունենալիս:

Նախագահի մեկնաբանմամբ, Վրաստանի Եվրոպա վերադառնալու ցանկությունը որևէ բան չկարողացավ կոտրել: Այս համատեքստում նա հիշատակել է Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցները:

«Ռուսաստանի տնտեսական պատժամիջոցների նպատակը մեր կողմից ընտրված ճանապարհը փոխելն էր, սակայն պատժամիջոցները չարդարացրեցին: 2008 թվականի պատերազմը Ռուսաստանի կողմից ռազմավարական, արևմտամետ ուղղությունը փոխելու փորձ էր: Տեսնում ենք, որ այս փորձն անարդյունավետ է: Ռուսաստանն ամենօրյա սադրանքներով փորձում է մեզ ենթարկել իրեն, նա խաղում է մեր նյարդերի հետ և փորձում, բերել այնպիսի սահմանների մեջ, որի հետևանքով մենք կկորցնենք մեր երեք ձեռքբերումները՝ կայունությունը, ժողովրդավարությունը և եվրոպական ուղին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին:

Ինչպես նշել է նախագահը ֆորումին, Վրաստանը խաչմերուկ է, միակ երկիրը, որը ազատ առևտրի պայմանագիր ունի Եվրամիության և Չինաստանի հետ, շուտով կավելանա նաև Հնդկաստանը: Նրա խոսքով, Վրաստանն ունի ներուժ՝ դառնա միջմայրցամաքային ներդրումների կենտրոն:

«Մենք ցանկանում ենք, որ մեր ձեռնարկատերերի համար լինի ավելի շատ եվրոպական ներդրում, մեր շրջաններում լինեն ավելի շատ եվրոպացի զբոսաշրջիկներ, մեր ապրանքն ունենա ավելի շատ եվրոպացի սպառող: Եկեք Վրաստան և համոզվեք, որ մենք եվրոպական երկիր ենք: Եկեք այս ամառ, այս ձմեռ և բոլոր չորս սեզոններին»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին՝ ֆորումին խոսքով ելույթ ունենալիս: