Ռուսաստանի քաղաքներում Նավալնիի աջակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում. Նավալնին ձերբակալվել է (տեսանյութ)
Ռուսաստանի քաղաքներում Նավալնիի աջակիցները բողոքի ակցիաներ են անցկացնում. Նավալնին ձերբակալվել է (տեսանյութ)

Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին  ձերբակալվել է Մոսկվայում հանրահավաքի ժամանակ: Նրա կողմից կազմակերպված «Ընտրողների գործադուլ» ակցիան հավաքել է մի քանի հազար մասնակից:

Իրավապահ մարմինների աշխատակիցները Նավալնիին ձերբակալել են Տվերսկայա հրապարակում:

Քաղաքական գործչի աջակիցները հայտնել են, որ Նավալնին ձերբակալվել է 48 ժամով:

Ընդդիմադիր գործչի կազմակերպած ակցիան սկսվել է Մոսկվայի ժամանակով 14:00-ին:  Իշխանությունների կողմից չարտոնված ակցիաներ են հայտարարվել Ռուսաստանի ավելի քան 100 քաղաքներում: BBC-ի հաղորդմամբ` Մոսկվայի Պուշկինսկի հրապարակում հավաքվել է մի քանի հազար մարդ, ՆԳՆ-ի գնահատմամբ` հանրահավաքի մասնակիցները մոտ հազարն են եղել:

Ժամը 14:00-ի դրությամբ հաղորդվել է ողջ Ռուսասանում 90 ձերբակալվածների մասին:

Կիրակի առավոտյան Մոսկվայի ոստիկանությունը ներխուժել է Նավալնիի հիմնադրած «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» գրասենյակ` հայտարարելով, որ ոստիկանությունը տեղեկություն ունի տարածքում ռումբի տեղադրման մասին:

Նշենք, որ Ալեքսեյ Նավալնին հայտարարել է «Ընտրողների գործադուլ» ակցիան ի պատասխան ԿԸՀ-ի մերժմանը նրան թույլ տալ մասնակցել նախագահական ընտրություններին: Նրան մերժել են գրանցել որպես նախագահի թեկնածու դատվածության ժամկետը չլրանալու պատճառով:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում նախագահական ընտրությունները կայանալու են մարտի 18-ին: