Ռուսաստանը ավելի ագրեսիվ է դառնում ոչ միայն հարևանությունում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում և Ադրբեջանում, այլ արդեն Եվրամիության ներսում. Գաբրիելիուս Լանդսբերգիս
Ռուսաստանը ավելի ագրեսիվ է դառնում ոչ միայն հարևանությունում, Վրաստանում, Ուկրաինայում, Հայաստանում և Ադրբեջանում, այլ արդեն Եվրամիության ներսում. Գաբրիելիուս Լանդսբերգիս

Այսօր, Բրյուսելում տեղի կունենա Եվրամիության արտաքին գործերի նախարարների հանդիպումը, որի ընթացքում դիվանագետները կքննարկեն անդրատլանտյան կապերի հարցը: Հանդիպմանը վիրտուալ ձևով ներկա կլինի կլիմայի հարցերով ԱՄՆ-ի նախագահի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քերին:

Ինչպես հանդիպումից առաջ հայտարարել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերում գերագույն ներկայացուցիչ՝ Ժոզեֆ Բորելը, այսօր քննարկվելիք ամենակարևոր հարցը կլինի իրավիճակը Արևմտյան Բալկաններում:

«Մենք պետք է վերանայենք իրավիճակը և տեսնենք, թե ինչպես կարող է Եվրամիությունը ավելի շատ ներգրավվել Արևմտյան Բալկաններում տեղի ունեցող զարգացումներին: Մենք պետք է շեշտենք, որ Արևմտյան Բալկանների տարածաշրջանը շատ կարևոր է Եվրամիության համար, և մենք պետք է տեսնենք, թե ինչպես կարող ենք ունենալ ավելի լավ և ուժեղ եվրոպական հեռանկար: Մենք այսօր կխոսենք նաև Ջոն Քերիի հետ և կքննարկենք կլիմայի փոփոխությունը: Մենք կքննարկենք, թե ինչպես կարող ենք աշխատել ԱՄՆ-ի հետ համատեղ կլիմայի փոփոխության շուրջ: Եվրամիության հետ մեր հարաբերությունները փոխվում են, և մենք այժմ ավելի ամուր գործընկերության ճանապարհին ենք: Մենք կխոսենք նաև Ռուսաստանի մասին, որտեղ, ընդհակառակը, հարաբերությունները վատթարացել են», – հայտարարել է Բորելը:

Լիտվայի արտաքին գործերի նախարար, Գաբրիելիուս Լանդսբերգիսի հայտարարությամբ, Ռուսաստանն ավելի ագրեսիվ է դառնում ոչ միայն հարևանությունում, այլ նաև Եվրամիության ներսում:

«Հասկանալի է, որ Ռուսաստանը դառնում է ավելի ագրեսիվ, և դա տեղի է ունենում ոչ միայն հարևանությունում, Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ադրբեջանում, այլ նաև Եվրամիության ներսում: Այն, ինչ տեղի ունեցավ Չեխիայում, ցույց է տալիս, որ Ռուսաստանը 2014 թվականին Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկում իրականացրել է հատուկ գործողություն: Դա չպետք է անպատասխան մնա: Եվրոպան պետք է համախմբված լինի Ռուսաստանի կողմից նման գործողություններին արձագանքելու հարցում», – հայտարարել է Լիտվայի արտաքին գործերի նախարարը: