Փարիզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ
Փարիզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ

Փարիզում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ: Այս մասին հայտնում է «Reuters»-ը:

Միջազգային լրատվական գործակալության հաղորդմամբ, գործադուլի 42-րդ օրը ակտիվիստները փորձել են արգելափակել Ֆրանսիայի մայրաքաղաքի թաղամասերից մեկը տանող ճանապարհը, ինչի պատճառով իրավապահները ստիպված ցրել են տասնյակ ակտիվիստների:

Ֆրանսիայում համընդհանուր գործադուլը շարունակվում է արդեն 42 օր: Դժգոհությունը առաջացել է նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումից հետո, որը նախատեսում է ներդնել ունիվերսալ կենսաթոշակային համակարգ:

Ըստ կենսաթոշակային նոր համակարգի, կենսաթոշակային տարիքը 62-ի փոխարեն կլինի 64: Միևնույն ժամանակ, վերացվում է այսպես կոչված առանձնահատուկ ռեժիմը, որը թույլ է տալիս որոշ աշխատողների թոշակի անցնել ժամանակից շուտ:

Երկրի արհմիությունների ներկայացուցիչները հայտարարում են, որ գործադուլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ նախագահ Էմանուել Մակրոնը ետ չի տանի իր նախաձեռնած կենսաթոշակային բարեփոխումների փաթեթը: