Պատրաստ ենք, նույնիսկ վաղը դադարեցնել մարտական գործողությունները, եթե Հայաստանը բանակցային գործընթացում կլինի կառուցողական. Իլհամ Ալիև
Պատրաստ ենք, նույնիսկ վաղը դադարեցնել մարտական գործողությունները, եթե Հայաստանը բանակցային գործընթացում կլինի կառուցողական. Իլհամ Ալիև

Մենք միշտ պատրաստ ենք հանդիպման համար և Մոսկվայում և ցանկացած այլ վայրում, որպեսզի դադարեցնենք առճակատումը և գտնենք դրա լուծման ուղիները: Մենք խաղաղություն ենք ցանկանում, բայց, ի տարբերություն Հայաստանի, մենք ցանկանում ենք նաև մեր տարածքները, որոնք իրավաբանորեն մեզ են պատկանում,- այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում:

Նրա խոսքով, չնայած նրան, որ ինքը բազմիցս եղել է Մոսկվայում, այս անգամ նման հրավեր չի ստացել: Իլհամ Ալիևի հայտարարությամբ, քանի դեռ Հայաստանում իշխանափոխություն չէր եղել և այն պայմանական կստանձներ «Սորոսը», Մոսկվայում եռակողմ հանդիպումները հաճախակի էին:

«Պատրաստ ենք, նույնիսկ վաղը դադարեցնել մարտական գործողությունները, եթե Հայաստանը բանակցային գործընթացում կլինի կառուցողական: Սակայն, հայտարարություններն որոնք լսում ենք Երևանից, լիովին հակասում են սկզբունքներին, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից: Եթե ​​հայկական կողմը վերջապես գիտակցի, որ ռազմական սադրանքներն իրենց հասցնում են աղետի, մենք պատրաստ ենք դադարեցնել ռազմական գործողությունները և հարցը լուծել բանակցությունների սեղանի շուրջ:

Մենք հավատարիմ ենք հիմնական սկզբունքներին, որը նախատեսում է՝ ապաբռնազավթում, հայ և ադրբեջանցի բնակչության համակեցություն, Շուշիի և Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար շրջանի այլ բնակավայրեր ադրբեջանցիների վերադարձը: Հայաստանի վարչապետը խոսում է միայն ինքնորոշման մասին»,- հայտարարել է Ալիևը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական դիտորդների տեղակայմանը ՝ անվտանգության և հրադադարի ռեժիմի ապահովման համար, Իլհամ Ալիևը ասել է, որ խաղաղապահների տեղակայումը պետք է համաձայնեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մակարդակով և նրանք պետք է որոշեն, թե որ երկրի զորակազմը կկատարի այդ առաքելությունը, եթե դա լինի օրակարգում:

Ըստ Ալիևի, Ռուսաստանը միշտ էլ կարևոր դեր է ունեցել հակամարտության կարգավորման գործընթացում: Դրա համար կան օբյեկտիվ պատճառներ, ինչպես պատմական, այնպես էլ աշխարհագրական առումով: Ալիևի խոսքերով, մեկ այլ պատճառն էլ այն է, որ Ռուսաստանը ակտիվ գործունեություն է ծավալում տարածաշրջանում շատ տասնամյակներ, և առկա է փոխգործակցության բարձր մակարդակ: