Նիկոլ Փաշինյան. Անկախ ներքին տարաձայնություններից, ընթացիկ իրադարձություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու
Նիկոլ Փաշինյան. Անկախ ներքին տարաձայնություններից, ընթացիկ իրադարձություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղ:

Տեղում իրավիճակին ծանոթանալուց առաջ Փաշինյանը զրուցել է գյուղի բնակչության հետ:

«Այս իրավիճակում մեզ պետք է համախմբվել, որովհետեւ ամեն անգամ, երբ  Ադրբեջանը տեսնում է, որ շանս ունի մեզ իրար դեմ հանելու, ավելի է ոգեւորվում։ Մենք պետք է ցույց տանք, որ անկախ ներքին տարաձայնություններից, իրենց գործողություններին մեր առաջին արձագանքը համախմբումն է լինելու»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությամբ, այսօր առավոտյան Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները շրջափակել և ապա գերեվարել են Հայաստանի զինված ուժերի վեց զինծառայողների, որոնք ինժեներական աշխատանքներ էին իրականացնում: Նախարարության տվյալներով, ձեռնարկվում են բոլոր միջոցները՝ հայ զինվորներին վերադարձնելու համար:

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տվյալներով, Հայաստանի զինված ուժերի հետախուզա-դիվերսիոն խումբը փորձել է ներխուժել հայ-ադրբեջանական պետական ​​սահմանի Քալբաջարի շրջան, Յուհար-Այրիմ գյուղ:

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության, համապատասխան միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել թշնամու վեց զինծառայողներ, ովքեր պատրաստվում էին ականապատել ադրբեջանական բանակի դիրքեր տանող մատակարարման գծերը: