ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ. ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը միշտ փոխշահավետ է
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ. ՆԱՏՕ-Վրաստան գործընկերությունը միշտ փոխշահավետ է

Վրաստանում ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի լիագումար նիստն ավարտվեց ամփոփիչ հայտարարություններով:

ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահ, ծովակալ Ռոբ Բաուերը և Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին ամփոփեցին նստաշրջանում քննարկված հարցերը:

Դաշինքի բարձրաստիճան ռազմական պաշտոնյայի խոսքով, ռազմական կոմիտեի չորրորդ այցը հնարավորություն է՝ վերահաստատելու ՆԱՏՕ-ի անսասան աջակցությունը Վրաստանին:

«Երեկ ես հնարավորություն ունեցա հանդիպելու վարչապետ Ղարիբաշվիլիի և պաշտպանության նախարար Բուրճուլաձեի հետ՝ ընդգծելով, որ ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև գոյություն ունի բացառիկ գործընկերություն, որը ժամանակի ընթացքում միայն ամրապնդվում է: Մեր գործընկերությունը միշտ փոխշահավետ է», – ասաց ծովակալ Ռոբ Բաուերը:

Գեներալ-մայոր Գիորգի Մաթիաշվիլին կենտրոնացավ Վրաստանի և ՆԱՏՕ-ի միջև հատուկ գործընկերության վրա և ասաց, որ պաշտպանական ուժերում ընթացող փոխակերպման գործընթացի արդյունքում Վրաստանը ձևավորվել է որպես դաշինքի առավել համատեղելի և ակտիվ գործընկերներից մեկը:

«Մենք շարունակում ենք արդյունավետ կերպով ներդնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցության մեխանիզմները և կատարել դաշինքի առջև ստանձնած պարտավորությունները, ինչը ծառայում է ՆԱՏՕ-ի հետ համատեղելիության և ՆԱՏՕ-ին երկրի ինտեգրման գործընթացների ամրապնդմանը: Այս առումով առանձնանում է ՆԱՏՕ-Վրաստան էական փաթեթը, որը հանդիսանում է ՆԱՏՕ-ի հետ համագործակցության հիմնական գործնական մեխանիզմներից մեկը և ներառում ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան կարևոր ռազմական կարողությունների զարգացումը»,- ասաց Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատարը:

Տեղեկությունը տարածում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը: