ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրամիության խորհրդի նախագահը Ջո Բայդենին հրավիրում են Բրյուսել և առաջարկում են վերականգնել տրանսատլանտյան միությունը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Եվրամիության խորհրդի նախագահը Ջո Բայդենին հրավիրում են Բրյուսել և առաջարկում են վերականգնել տրանսատլանտյան միությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը և Եվրամիության խորհրդի նախագահ Շարլ Միշելը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենին եկող տարի հրավիրել են Բրյուսել և առաջարկել վերականգնել տրանսատլանտյան միությունը: Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Ռոյթերս» գործակալությունը:

Ենս Սթոլթենբերգը շնորհակալություն է հայտնեց Ջո Բայդենին՝ ՆԱՏՕ-ին և տրանսատլանտյան հարաբերություններին երկար տարիների աջակցության համար:

«Դոյչե Վելեի» տեղեկությամբ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ ինչպես Դոնալդ Թրամփը, այնպես էլ Ջո Բայդենը ցանկություն կունենա, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրները կազմակերպության բյուջեում ավելացնեն սեփական ներդրումները:

Սթոլթենբերգի խոսքով, Թրամփը եվրոպական գործընկերների հետ հարաբերություններում ունեցել է «իր սեփական ոճը» և բավականին հստակ հայտարարություններ է արել սպասելիքների վերաբերյալ:

«Բայց ես վստահ եմ, որ ընտրված նախագահը նույնպես նման սպասումներ կունենա»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Սթոլթենբերգը կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, համավարակի պատճառով չհրաժարվել ՆԱՏՕ-ի բյուջե վճարել ՀՆԱ-ի երկու տոկոսը:

«Այժմ ամենադժվար խնդիրն այն է, որ թույլ չտանք համավարակով առաջացած ճգնաժամը, ճգնաժամ ստեղծի անվտանգությանը: Այդ պատճառով մենք պետք է ավելի շատ ներդրումներ կատարենք», – հայտարարել է Սթոլթենբերգը: