Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն
Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Միացյալ Նահանգները վերահաստատում է իր աջակցությունը Վրաստանի և Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն։ Այս մասին ասվում է Ռիգայում ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած տեղեկատվության մեջ։

«ԱՄՆ-ը շարունակում է աջակցել 2008 թվականին ՆԱՏՕ-ի Բուխարեստի գագաթնաժողովում ընդունված որոշմանը, ըստ որի՝ Վրաստանն ու Ուկրաինան կդառնան ՆԱՏՕ-ի անդամներ։ Այս երկրների տարեկան ազգային ծրագիրը նախանշում է դեպի ՆԱՏՕ նրանց ճանապարհի մանրամասները։ Ե՛վ Վրաստանը, և՛ Ուկրաինան արդեն հզոր կարողությունների գործընկերներ են, ինչը մեծացնում է նրանց գործառնական համատեղելիությունը և ուսուցման կարողությունները ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ», – ասվում է պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

Նույն զեկույցում ասվում է, որ ՆԱՏՕ-ի ղեկավարները հավատարիմ են մնում Դաշինքի բաց դռների քաղաքականությանը:

«ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը հնարավորություն է տալիս անդամակցության ուղի ցանկացած եվրոպական երկրի համար, որը կիսում է մեր արժեքները, կատարում է անհրաժեշտ պարտավորություններն ու պատասխանատվությունը: Մենք կվերահաստատենք մեր հավատարմությունը այս քաղաքականությանը հունիսին կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում», – ասվում է պետդեպարտամենտի կայքէջում հրապարակված տեղեկության մեջ:

Նոյեմբերի 30-ին Ռիգայում տեղի կունենա ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Հանդիպմանը կմասնակցի նաև Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

Թողնել մեկնաբանություն