Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում սպասվում են փոփոխություններ
Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետում սպասվում են փոփոխություններ

Ինչպես հաղորդում է The Sunday Times-ը, հավանական է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը հենց վաղը՝ հունվարի 8-ին, հայտարարի նախարարների կաբինետի փոխատեղումների մասին:

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ առանցքային նախարարները, որոնց թվում ֆինանսների նախարար Ֆիլիպ Համմոնդը, արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, ներքին գործոց նախարար Էմբեր Ռադդը և բրեքսիտի հարցերի նախարար Դևիդ Դևիսը, կպահպանեն իրենց պաշտոնները: Սակայն սպասվում է, որ վարչապետն առնվազն 6 նոր նախարար կնշանակի, ներառյալ կաբինետի քարտուղարության ղեկավարը: Վերջինիս աթոռը թափուր էր մնացել Դամիան Գրինի հրաժարականից հետո, որը հեռացավ այդ պաշտոնից դեկտեմբերին իր շուրջն առաջացած սկանդալի պատճառով: Պնդումներ եղան, որ նրա աշխատանքային համակարգչում տարիներ առաջ հայտնաբերվել են պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր: Քարտուղարության ղեկավարը դե ֆակտո կառավարության ղեկավարի տեղակալի լիազորություններ ունի, թեպետ պաշտոնապես այդ կարգավիճակն ամրագրված չէ:

The Sunday Telegraph-ն էլ հիշեցրել է, որ Մեյն անմիջապես Գրինի հրաժարականից հետո մտադիր էր այդ պաշտոնին նշանակել ներկայիս առողջապահության նախարար Ջերեմի Հանթին, սակայն հետաձգեց իր որոշումը առողջապահության ազգային համակարգի ճգնաժամի պատճառով, որն առաջացել էր երկրի հիվանդանոցների գերծանրաբեռնվածության հետևանքով:

Երկու թերթերն էլ կանխատեսում են, որ պաշտոնից կհեռանան կրթության նախարար Ջասթին Գրինինգը, բիզնեսի հարցերի նախարար Գրեգ Քլարկը, իշխող պահպանողական կուսակցության նախագահ և Լանկաստերի դքսության կանցլեր Պատրիկ Մակլաֆլինը և համայնքների պալատի ղեկավար Անդրեա Լիդսոմը: