Մեր հիմնական ազգային մարտահրավերը կապված է Ռուսաստանի հետ և դա մեր պատմական շրջանների բռնազավթումն է. Իրակլի Կոբախիձե
Մեր հիմնական ազգային մարտահրավերը կապված է Ռուսաստանի հետ և դա մեր պատմական շրջանների բռնազավթումն է. Իրակլի Կոբախիձե

Վրաստանի համար կարևոր է, որ Ռուսաստանի նկատմամբ ունենա հստակ քաղաքականություն, մեր հիմնական ազգային մարտահրավերը կապված է Ռուսաստանի հետ և դա մեր պատմական շրջանների բռնազավթումն է,-այս հայտարարությունը Իրակլի Կոբախիձեն արել է Թբիլիսիում ընթացող միջազգային կոնֆերանսի ժամանակ:

Նրա խոսքերով, այս հիմնախնդրի կարգավորումը անհնար է կարճ ժամկետում, սակայն հետևողական քաղաքականությամբ այս հիմնախնդիրը կլուծվի:

«Այս տեսանկյունից մեր համագործակցությունը արևմտյան բարեկամների հետ շատ կարևոր է: Գիտենք, որ այս հիմնախնդրի կարգավորումը անհնար է կարճ ժամկետում, սակայն հավատում ենք, որ մեր գործընկերների աջակցությամբ և հետևողական քաղաքականությամբ այդ հիմնախնդիրը կլուծվի»,-նշել է Կոբախիձեն:

Խորհրդարանի նախագահի խոսքերով, Վրաստանը այսօրվա դրությամբ Ռուսաստանի հանդեպ վարում է պրագմատիկ քաղաքականություն, որին աջակցում են արևմտյան գործընկերները:

Նրա խոսքերով, վերջին շրջանում բանակցություններ են վարել մոլդովական և ուկրաինական կողմերի հետ և ծրագրվում է հիմնել ռազմավարական հաղորդակցությունների համատեղ կենտրոն, որի հիմնական նպատակը լինելու է քարոզի դեմ պայքարը:

Ինչպես ասել է Կոբախիձեն, Վրաստանը լավ հարաբերություններ ունի նաև Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ:

Խորհրդարանի նախագահը ընդգծել է նաև երկրի տնտեսական վիճակը և նշել, որ մեկ բնակչի համար ընդհանուր ներքին արտադրանքը կազմում է 4500 դոլար:

Նրա խոսքերով տնտեսական հիմնախնդիրներ ունեն նաև Վրաստանի հարևան մեծ երկրները, և նման իրավիճակում Վրաստանի համար շատ կարևոր է արևմտյան գործընկերների տնտեսական աջակցությունը: