Մալթայի օդանավակայանում քամին տեղահանել է ինքնաթիռը
Մալթայի օդանավակայանում քամին տեղահանել է ինքնաթիռը

Լույս դեկտեմբերի 28-ին Մալթայի միջազգային օդանավակայանում ուժեղ քամու հետևանքով կայանատեղից տեղահանվել է Dassault Falcon 7X բիզնես կարգի ինքնաթիռը և մխրճվել պատի մեջ: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը՝ հրապարակելով համապատասխան լուսանկարները:

Աղբյուրի տվյալների համաձայն՝ ինքնաթիռը պատկանում է բրիտանացի քաղաքական գործիչ և գործարար, Պահպանողական կուսակցության ղեկավարի նախկին տեղակալ լորդ Մայքլ Էշքրոֆթին:

Սակայն 71-ամյա Էշքրոֆթը, պատասխանելով Twitter-ում հնչեցված հարցին՝ արդյոք դա իր ինքնաթիռն է, բացասական պատասխան է տվել:

Ենթադրվում է, որ ուժեղ քամու հետևանքով ինքնաթիռը պահող սարքը մի կողմ է գնացել, ինքնաթիռը սկսել է շարժվել զառիվայր՝ արդյունքում բախվելով գրասենյակային շենքի պատին:

«Շենքի ներսը վնասներ չի կրել, սակայն, ամենայն հավանականությամբ, ինքնաթիռը վնասվել է», – ասել է շենքում տեղակայված գրասենյակի ներկայացուցիչը:

 Նշվում է, որ միջադեպի հետևանքով մարդիկ չեն տուժել:

Վերջին մի քանի օրվա ընթացքում Մալթայում ուժեղ քամի է, որը հասնում է 30 կմ/ժ արագության: