«Մանչեսթեր Սիթին» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի» անպարտելի շարքը տնային խաղերում
«Մանչեսթեր Սիթին» ընդհատեց «Մանչեսթեր Յունայթեդի» անպարտելի շարքը տնային խաղերում

Տնային խաղերում «Մանչեսթեր Յունայթեդի» 40-խաղյա անպարտելի շարքն ավարտվեց: Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվեց «Մանչեսթեր Յունայթեդին» և առավելության հասավ 2:1 հաշվով: Հայաստանի հավաքականի 28-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձյալ չէր հայտավորվել «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում:

Առաջին խաղակեսում «Մանչեսթեր Սիթին» ուներ նկատելի առավելություն, բայց կորցրեց մի քանի գոլային պահ: Խաղակեսի վերջնամասում թիմերի փոխանակվեցին գոլերով: 43-րդ րոպեին հաշիվը բացեց «Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան, որի գոլին դաշտի տերերը քիչ անց պատասխանեցին անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի դիպուկ հարվածով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում հյուրերը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում դարձյալ առաջ անցան հաշվի մեջ: Աչքի ընկավ արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին, որի գոլը վերջինն էր այս խաղում:

«Մանչեսթեր Սիթին» շարունակում է անպարտելի մնալ Անգլիայի ընթացիկ առաջնությունում և արդեն 11 միավոր է գերազանցում երկրորդ տեղում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»: Երրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսին» Ժոզե Մոուրինյոյի թիմից հետ է 3 միավոր:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում չէր պարտվել նախորդ 40 տնային խաղերում՝ կրկնելով ակումբային ռեկորդը: Նախորդ անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» տնային պարտություն կրել էր 2016 թվականի սեպտեմբերի 10-ին, երբ Պրեմյեր լիգայում դարձյալ պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին» (1:2):

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Մանչեսթեր Սիթի»՝ 1:2

Մարկուս Ռեշֆորդ, 45+2 – Դավիդ Սիլվա, 43, Նիկոլաս Օտամենդի, 54

«Մանչեսթեր Յունայթեդ». Դավիդ Դե Խեա, Անտոնիո Վալենսիա, Քրիս Սմոլինգ, Մարկոս Ռոխո (Վիկտոր Լինդելյոֆ, 46), Էշլի Յանգ, Նեմանյա Մատիչ, Անդեր Էրերա (Խուան Մատա, 82), Ջեսի Լինգարդ (Զլատան Իբրահիմովիչ, 76), Մարկուս Ռեշֆորդ, Անտոնի Մարտիալ, Ռոմելու Լուկակու:

«Մանչեսթեր Սիթի». Էդերսոն, Կայլ Ուոլկեր, Նիկոլաս Օտամենդի, Վենսան Կոմպանի (Իլկայ Գյունդոգան, 46), Ֆաբիան Դելֆ, Ֆերնանդինյո, Դավիդ Սիլվա, Կևին Դե Բրույնե, Լերոյ Սանե (Բերնարդո Սիլվա, 88), Ռահիմ Ստերլինգ, Գաբրիել Ժեզուս (Էլյակիմ Մանգալյա, 56):