Լիբանանի զորքերի հրամանատարը մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին
Լիբանանի զորքերի հրամանատարը մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին

Լիբանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարը երեքշաբթի լիակատար մարտական պատրաստության կոչ է արել Իսրայելի հետ սահմանին գտնվող զինվորներին:

«Ես կոչ եմ անում ձեզ լիարժեք պատրաստ լինել հարավային սահմանին Իսրայելի կողմից սպառնալիքներին և խախտումներին, ինչպես նաև Լիբանանի, նրա ժողովրդի և բանակի դեմ նրա թշնամական մտադրություններին դիմակայելու համար»,- Աունի խոսքերն է մեջբերել Twitter-ում երկրի զինված ուժերի էջը:

Գեներալ Ջոզեֆ Աունը նաև կոչ է արել զորքերին զգոնություն պահպանել Իսրայելի հետ սահմանին «կայունության պահպանման» համար ՄԱԿ-ի 1701-րդ բանաձևի իրականացման համար: Բանաձևը հիմք է հանդիսացել 2006 թվականին լիբանանա-իսրայելական հակամարտության ավարտի համար: Բանաձևի համաձայն՝ լիբանանյան բանակը պատասխանատու է սահմանի իր կողմում անվտանգության համար:

Իսրայելի պաշտոնյաներն այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարությամբ հանդես չեն եկել:

Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Լիբանանի վարչապետ, սուննի քաղաքական առաջնորդ Սաադ Հարիրին անսպասելի հրաժարական էր տվել՝ հայտարարելով, որ վախենում է իր կյանքի համար: Իր հրաժարականի խոսքում Հարիրին մասնավորապես մեղադրել էր Իրանին և լիբանանյան «Հեզբոլլահին» արաբական երկրների միջև վեճ գցելու համար և ասել, որ վախենում է իր դեմ մահափորձից: Սաուդյան Արաբիան և Իրանը միմյանց նկատմամբ մեղադրանքներ են հնչեցրել Լիբանանում և տարածաշրջանում անկայունություն հրահրելու վերաբերյալ:

Լիբանանի նախագահը հրաժարվում է որոշում կայացնել անակնկալ հրաժարականն ընդունելու վերաբերյալ, մինչև վարչապետ Սաադ Հարիրին չվերադառնա հայրենիք: