Կիպրոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Կիպրոսում մեկնարկել են նախագահական ընտրությունները

Հունվարի 28-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:00-ին, Կիպրոսում բացվել են ավելի քան հազար ընտրատեղամասեր՝ գրում է Cyprus Mail-ը:

Ընտրություններին կարող են մասնակցել ավելի քան 550 հազար բնակիչներ: Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն, իսկ 18:30-ին կհրապարակվեն առաջին արդյունքները:

Նախագահական ընտրություններում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50 տոկոսից ավելի ձայն: Եթե առաջին փուլում որևէ մեկին չհաջողվի հավաքել ձայների անհրաժեշտ քանակը, ապա կանցկացվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն առավելագույն ձայներ հավաքած երկու թեկնածուները:

Ընթացիկ ընտրություններին մասնակցում են 9 թեկնածուներ, հիմնական թեկնածուների թվում են նաև երկրի գործող նախագահ Նիկոս Անաստասիադիսը, ինչպես նաև ընդդիմադիր Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցության աջակցությունը վայելող Ստավրոս Մալասը: