Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել սեփական գնացքով
Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել սեփական գնացքով

Հյուսիսային Կորեայի լիդեր, Կիմ Չեն Ինը Ռուսաստան է ժամանել սեփական գնացքով: Ռուսական մամուլի լրատվությամբ, Հյուսիսային Կորեայի լիդերը սահմանին գտնվող երկաթգծի կամուրջը հատել է առավոտյան ժամերին, որից հետո հյուրընկալվել է սահմանի մոտ գտնվող Ռուսաստան-Կորեա բարեկամության տուն:

Ինչպես հայտնի է Կիմ Չեն Ինի հետ միասին Ռուսաստանում են գտնվում մի քանի բարձրպաշտոնյա անձինք, այդ թվում Հյուսիսային Կորեայի բանակի գլխավոր շտաբի և արտաքին գերատեսչության ղեկավարները: Կիմ Չեն Ինի այցից առաջ Վլադիվաստոկ է մեկնել երկու ինքնաթիռ, որտեղ գտնվում էին Հյուսիսային Կորեայի լիդերի անվտանգության ծառայության ներկայացուցիչները:

Վլադիվաստոկում Կիմ Չեն Ինի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը տեղի է ունենալու վաղը, ապրիլի 25-ին: Սա Կիմ Չեն Ինի առաջին այցն է Ռուսաստան:

Մամուլի փոխանցմամբ, գագաթնաժողովի հիմնական թեման լինելու են երկրների միջև հարաբերությունները և թերակղզում գոյություն ունեցող միջուկային հարցի կարգավորումը:

Այս հարցի շուրջ մի քանի շաբաթ առաջ տեղի էր ունեցել Կիմ Չեն Ինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, սակայն Հանոյում տեղի ունեցած գագաթնաժողովը ավարտվել էր առանց համաձայնության: