Քելլի Դեգնան. Մեր համատեղ աշխատանքն ուղղված է Վրաստանի պաշտպանունակության հզորացմանը, որպեսզի այս երկիրը կարողանա պաշտպանել սեփական սահմանները
Քելլի Դեգնան. Մեր համատեղ աշխատանքն ուղղված է Վրաստանի պաշտպանունակության հզորացմանը, որպեսզի այս երկիրը կարողանա պաշտպանել սեփական սահմանները

Մեր համատեղ աշխատանքն ուղղված է Վրաստանի պաշտպանունակության հզորացմանը, որպեսզի այն կարողանա պաշտպանել սեփական սահմանները, զուգահեռաբար, կառուցել զարգացած, բարգավաճ և ինտեգրված ժողովրդավար հասարակություն: Ինձ հաստատելու դեպքում, ակնկալում եմ Վրաստանի կառավարության հետ համագործակցություն այս և այլ առաջնահերթությունների շուրջ,- այս մասին հայտարարել է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում առաջադրված Քելլի Դեգնանը՝ Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին խոսքով ելույթ ունենալիս:

Քելլի Դեգնանն ընդգծել է Վրաստանի եվրաինտեգրման ուղին և ՆԱՏՕ-Վրաստան համագործակցությունը և նշել, որ հիացած է բարեփոխումների նկատմամբ Վրաստանի հավատարմությամբ:

Նրա խոսքով, ԱՄՆ-ը կշարունակի կայուն աջակցություն ցուցաբերել Վրաստանին եվրաինտեգրման ճանապարհին բարեփոխումներ անցկացնելիս:

«Մեր համագործակցությունն անվտանգության ոլորտում ընդգծում է այն փաստը, որ Վրաստանը կարևոր ռազմավարական գործընկեր է տարածաշրջանում և այն կենսական նշանակություն ունի ԱՄՆ-ի համար»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեին խոսքով ելույթ ունենալիս Վրաստանում ԱՄՆ-ի դեսպան առաջադրված թեկնածուն շոշափել է նաև Վրաստանի բռնազավթված շրջանների հարցը և ընդգծել Ռուսաստանի կողմից հրադադարի մասին պայմանագրով ստանձնած պարտականությունների կատարման անհրաժեշտությունը:

«Հավանաբար, հենց նման հաջողության պատճառով Վրաստանը կրկին Ռուսաստանի ապակայունացնող և ապակառուցողական գործողությունների թիրախ է: ԱՄՆ-ը մնում է Վրաստանի ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմաններում տարածքային ամբողջականության կայուն պաշտպանը: Խստիվ դատապարտում ենք Ռուսաստանի զինված ուժերի կողմից Վրաստանի շրջանների, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի շարունակվող բռնազավթումը և Ռուսաստանի կողմից վարչական սահմանագծի սահմանազատման փորձերը: Ինձ դեսպանի պաշտոնում ընտրելու դեպքում, պատրաստ եմ, ամրապնդել մեր ջանքերը, որպեսզի օգնեմ Վրաստանի կառավարությանը և ժողովրդին, կառուցել հզոր և բարգավաճ հասարակություն, որը գնահատում է իր բազմերանգ ժառանգությունը և կարող է հաղթահարել Ռուսաստանի վնասակար գործողությունները և Չինաստանի աճող ազդեցությունը»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Քելլի Դեգնանին Վրաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր սեպտեմբերի սկզբին: Քելլի Դեգնանը խորհրդական-դեսպանի կարգի կարիերային դիվանագետ է, որն այժմ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հրամանատարության քաղաքական խորհրդական է: Նախքան այս պաշտոնն զբաղեցնելը Քելլի Դեգնանն աշխատում էր որպես դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Իտալիայում, գործադիր քարտուղարի տեղակալ պետական դեպարտամենտում և ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության ղեկավարի տեղակալ Կոսովոյում:

25-ամյա կարիերայի ընթացքում Քելլի Դեգնանն աշխատում էր որպես քաղաքական խորհրդական ՆԱՏՕ-ում՝ ԱՄՆ-ի ներկայացուցչությունում և Թուրքիայում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության քաղաքական խորհրդականի տեղակալ: Քելլի Դեգնանը եղել է պետական քարտուղարի և քաղաքական հարցերով պետական դեպարտամենտի քարտուղարի օգնականի հատուկ տեղակալ: Նա ժուռնալիստիկայի բակալավրի աստիճան է ստացել Նորսվեսթեռնի համալսարանում: