Քելլի Դեգնան. Արդար ընտրությունների ճանապարհով առաջնորդներին ազատ ընտրելու իրավունքը ճշմարիտ ժողովրդավարության հիմքն է
Քելլի Դեգնան. Արդար ընտրությունների ճանապարհով առաջնորդներին ազատ ընտրելու իրավունքը ճշմարիտ ժողովրդավարության հիմքն է

Այսօր վրաց ժողովրդի համար ուրախալի օր է: Արդար ընտրությունների ճանապարհով առաջնորդներին ազատ ընտրելու իրավունքը ճշմարիտ ժողովրդավարության հիմքն է,- այս մասին հայտարարել է Վրաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քելլի Դեգնանը՝ դեսպանության աշխատակիցների հետ հանդիպմանը:

Դեսպանը համակարգելու է դեսպանության դիտորդների խմբերը, որոնք Վրաստանի մասշտաբով կդիտորդեն այսօրվա ընտրությունները:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները ակտիվ աջակցում է այս ընտրություններին և մեծ ցանկություն ունի, որ ընտրություններն անցնեն անխափան, սակայն Վրաստանում ընտրությունների արդյունավետ անցկացումը կախված է Վրաստանի կառավարությունից և վրաց ժողովրդից: Որոշիչ նշանակություն ունի, որ ընտրություններում լսվի վրաց ժողովրդի ձայնը»,- հայտարարել է Քելլի Դեգնանը:

Օրվա ընթացքում դեսպան Դեգնանը կայցելի ընտրատեղամասեր, կհանդիպի ընտրական պաշտոնյաներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ կզրուցի այն մասին, թե ինչ են տեսնում և լսում՝ ընտրությունները դիտորդելու ընթացքում: