Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան
Քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանը ռազմական գործողությունները կդադարեցնի միայն այն դեպքում, եթե Լեռնային Ղարաբաղի հարցում փոխվի Թուրքիայի դիրքորոշումը: Այս մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է «ռոյթերսի» հետ զրույցում:

«Համոզված եմ, որ քանի դեռ Թուրքիայի դիրքորոշումը չի փոխվել, Ադրբեջանը չի դադարեցնելու ռազմական գործողությունները»,- ասել է Փաշինյանը:

Հայաստանի վարչապետի խոսքով, մինչ մոսկովյան բանակցությունները, Թուրքիան հրապարակայնորեն հայտարարել էր, որ իր կարծիքով, Ադրբեջանը պետք է շարունակի ռազմական գործողությունները:

Բացի այդ, Փաշինյանի հայտարարությամբ, Մոսկվայում ձեռք բերված հրադադարից հետո, Թուրքիայի արտաքին գործերի նախարարը իր ադրբեջանցի գործընկերոջ հետ ունեցել է հեռախոսազրույց: Հայաստանի վարչապետի պնդմամբ, հեռախոսազրույցի նպատակը հրահանգ էր, որ Ադրբեջանը չդադարեցներ ռազմական գործողությունները:

«Թուրքիան Հարավային Կովկաս է եկել՝ շարունակելու իր այն քաղաքականությունը, որը նա վարում է Միջերկրական ծովում, Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ, կամ Լիբիայում, Սիրիայում և Իրաքում: Դա էքսպանսիոնիստական քաղաքականություն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, «հիմնախնդիրն նրանում է, որ Հարավային Կովկասում հայերը վերջին մնացած խոչընդոտն են այդ էքսպանսիայի ճանապարհին»:

«Ողջ Հարավային Կովկասը կդառնա Սիրիա: Այս կրակը շատ արագ կտարածվի դեպի հյուսիս և դեպի հարավ»,- ասել է նա: