Կախա Կուճավան Բրյուսելում հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ
Կախա Կուճավան Բրյուսելում հանդիպել է փորձագիտական կենտրոնների ներկայացուցիչների հետ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Կախա Կուճավան, ով առաջին այցով գտնվում է Բրյուսելում, հանդիպել է ազդեցիկ հետազոտական ​​կենտրոնների ու փորձագիտական ​​շրջանակների ներկայացուցիչների հետ:

Խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդմամբ, հանդիպմանը վերանայվել են Վրաստանում ընթացիկ քաղաքական գործընթացները և այս համատեքստում ուշադրության կենտրոնում էր Եվրամիության միջնորդությամբ պատրաստված փաստաթղթի իրագործումը:

«Նրանք խոսեցին ընտրական բարեփոխումների շարունակման մասին: Ընդգծվեց քաղաքական քննարկումը խորհրդարան տեղափոխելու և խորհրդարանական համագործակցության կարևորությունը: Նրանք շեշտը դրեցին տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Վրաստանի եվրոատլանտյան ինտեգրման և այս ուղղությամբ ձեռք բերված առաջընթացի վրա: Կողմերը քննարկել են այն մտադրությունը, որով 2024 թվականին Վրաստանը անդամակցության համար պաշտոնական հայտ կներկայացնի Եվրամիություն և ընդգծել այդ կապակցությամբ հասարակական դիվանագիտության ակտիվացման անհրաժեշտությունը», – ասված է հայտարարության մեջ:

Խորհրդարանի մամուլի ծառայության կողմից տարածած տեղեկատվության համաձայն, հետազոտական ​​կենտրոնների ներկայացուցիչներն ասել են, որ Վրաստանը միշտ էլ կարևոր է իրենց համար, ինչպես նաև այն գործընթացները որոնք տեղի են ունենում ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտերկրում:

«Նրանցից ես շատ հետաքրքիր մտքեր լսեցի և փոխանցեցի իմ ուղերձները, առաջին հերթին, որ մենք պետք է այս ճգնաժամը վերածենք հնարավորության, և դա մենք արդեն արել ենք, երբ ստորագրեցինք Շառլ Միշելի փաստաթուղթը: Հիմա երկրորդ փուլում, այս փաստաթղթում արտացոլված բարեփոխումների իրականացումն է», – հանդիպումից հետո հայտարարել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Լևան Իոսելիանին:

Բացի այդ, ըստ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի նախագահ Մակա Բոճորիշվիլիի, հանդիպմանը զրուցել են Վրաստանում ընթացող գործընթացներում Եվրամիության ներգրավվածության շուրջ:

«Մենք փորձագետների հետ խոսեցինք Վրաստանում ընթացող գործընթացներին Եվրամիության ներգրավվածության մասին, ինչպես նաև Շառլ Միշելի միջոցով քաղաքական կուսակցությունների միջև ստորագրված համաձայնագրի և Եվրամիության միջնորդության մասին: Շատ կարևոր է նաև այս համաձայնագրի իրագործումը, քաղաքական կուսակցությունների միջև համագործակցության ամրապնդումը և խորհրդարանում քաղաքական գործընթացների իրականացումը, համաձայնագրով նախատեսված բարեփոխումները կյանքի կոչելու համար և, որ բոլոր քաղաքական դերակատարների ներգրավմամբ փորձենք հասնել կոնսենսուսի»,- հայտարարել է հանձնաժողովի նախագահը: