Կապիտոլիում Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Գերմանիայի Բունդեսթագի մոտ խստացվել են անվտանգության նորմերը. Ռոյտեր
Կապիտոլիում Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Գերմանիայի Բունդեսթագի մոտ խստացվել են անվտանգության նորմերը. Ռոյտեր

Կապիտոլիում Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Գերմանիայի Բունդեսթագի մոտ խստացվել են անվտանգության նորմերը,- այս մասին հաղորդում է Ռոյտերը:

«Բեռլինի ոստիկանությունը ավելացրել է անվտանգության ուժերը Ռայխստագի շենքի մոտ», – ասվում է Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոիբլեյի նամակում, որը նա ուղարկել է օրենսդիրներին:

Բունդեսթագի խոսնակը հաստատել է Շոիբլեյի նամակի մասին տեղեկությունը, սակայն ձեռնպահ է մնացել նրա բովանդակության հանրայնացումից:

Գերմանական լրատվամիջոցները գրում են նաև, որ Շոիբլեն արտաքին գործերի նախարարությանը խնդրել է մանրամասն զեկույց ներկայացնել, որտեղ կներկայացվի ԱՄՆ-ի Կոնգրեսի շենք ներխուժելու փաստը:

«Այս զեկույցը ավելի հստակ պատկերացում կտա Գերմանիայի Դաշնային կառավարությանը և Բեռլինի տեղական իշխանություններին, թե ինչ եզրակացություններ են անհրաժեշտ դուրս բերել, Բունդեսթագի անվտանգության ամրապնդման համար»,- ասված է նամակում:

Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփի կողմնակիցները հունվարի 6-ին ներխուժեցին Կապիտոլիումի շենք: Խռովության ընթացքում զոհվեց հինգ մարդ, այդ թվում մեկ ոստիկան: Ոստիկանությունն արդեն ձերբակալել է Կոնգրեսի շենք ներխուժած ակտիվիստներից մի քանիսին: