Ջո Բայդենը ներողություն է խնդրել Կապիտոլիումի մոտ կենտրոնացած ազգային գվարդիայի անդամներից
Ջո Բայդենը ներողություն է խնդրել Կապիտոլիումի մոտ կենտրոնացած ազգային գվարդիայի անդամներից

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Կապիտոլիումի մոտ կենտրոնացած ազգային գվարդիայի անդամներից: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի զինվորականներ քնած ավտոկայանատեղիում: Տեղեկատվությունը տարածում է «BBC»-ն:

ԱՄՆ-ի նախագահը զանգահարել է Ազգային գվարդիայի բյուրոյի ղեկավարին, ներողություն խնդրել և հետաքրքրվել, թե ինչ կարելի է անել իրավիճակը շտկելու համար: Առաջին տիկին Ջիլ Բայդենն անձամբ այցելել է զինվորներին և նրանց թխվածքաբլիթներ տարել:

Ավտոկայանատեղիում քնած զինվորների լուսանկարների հրապարակումից հետո, որոշ քաղաքական գործիչներ վրդովվել են, իսկ մի քանի նահանգների նահանգապետեր հրամայել են վերադառնալ զինվորականներին ԱՄՆ-ի մայրաքաղաքից հայրենի նահանգներ:

Միևնույն ժամանակ, «Ռոյթեր»-ը տեղեկատվություն է տարածում այն ​​մասին, որ Վաշինգտոնում կենտրոնացված զինվորականների մոտ ախտորոշվել է «կովիդ 19»-ը: Անանուն աղբյուրը հայտնել է, որ վարակը հաստատվել է 100-ից 200 զինվորականի մոտ:

Հիշեցնենք, որ Վաշինգտոնում Ազգային գվարդիայի ավելի քան 25 հազար զինվորականի կենտրոնացման որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփի կողմնակիցները գրոհել էին Կապիտոլիումի շենքը հունվարի 6-ին:

Իշխանությունների որոշմամբ, հունվարի 20-ին երդմնակալության ընթացքում պահակները պահպանում էին անվտանգությունը: