Իտալիայի կառավարությունը բնապահպանական աշխատանքների համար Վրաստանին հատկացրել է երկու միլիոն եվրո
Իտալիայի կառավարությունը բնապահպանական աշխատանքների համար Վրաստանին հատկացրել է երկու միլիոն եվրո

Մթնոլորտային օդի որակի ուսումնասիրման նոր կայաններ գնելու և Թբիլիսիի բնական վտանգների ռիսկերը մանրամասն ուսումնասիրելու համար Իտալիայի կառավարությունը հատկացրել է երկու միլիոն եվրո:

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Նինո Թանդիլաշվիլին նախարարության ներկայացուցիչների հետ միասին հանդիպել է Վրաստանում այցով գտնվող իտալացի փորձագետների խմբին:

Վրաստանի միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության տեղեկությամբ, այցի նպատակը Իտալիայի Հանրապետության միջավայրի, ցամաքի և ծովի նախարարության և Վրաստանի միջավայրի և բնական ռեսուրսների պաշտպանության նախարարության միջև կնքված հուշագրի շրջանակներում, վրացական կողմին միջավայրի պաշտպանության ոլորտում ֆինանսական օգնություն ցուցաբերելն է:

Փոխհամագործակցության շրջանակներում նախատեսված է գնել օդի որակի մոնիտորինգի նոր կայաններ և մթնոլորտային օդի մոդելավորման և կանխատեսումների համակարգ ներդնել Իտալիայի փորձը կիսելով:

Իտալացի փորձագետների այցը շարունակվելու է մինչև ապրիլի 12-ը: Այցի շրջանակներում նախատեսված են արտասահմանցի փորձագետների և Միջավայրի ազգային գործակալության մասնագետների համատեղ դաշտային ուղևորություններ:

Իտալացի փորձագետների խմբի հետ հանդիպմանը ներկա էին Միջավայրի ազգային գործակալության, Թբիլիսիի քաղաքապետարանի և Թբիլիսիի պետական համալսարանի ներկայացուցիչները: