Իսրայելում ժամանակավոր աշխատանքի հատուկ կայքէջում Վրաստանի 760 քաղաքացի է գրանցվել
Իսրայելում ժամանակավոր աշխատանքի հատուկ կայքէջում Վրաստանի 760 քաղաքացի է գրանցվել

Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելում աշխատանք փնտրող Վրաստանի 760 քաղաքացի գրանցվել է հատուկ ստեղծված workabroad.moh.gov.ge կայքէջում:

Տեղեկատվությունը Վրաստանի Առաջին ալիքին է փոխանցել Զբաղվածության խթանման գործակալությունը:

Երեկ սկսվել է Իսրայելում ժամանակավոր օրինական աշխատանքի Վրաստանի քաղաքացիների գրանցումը: Վրաստանի քաղաքացիների օրինական աշխատանքը Իսրայելում նախատեսված է Իսրայելի պետության և Վրաստանի կառավարության միջև կնքված համաձայնագրով:

Գործակալության տվյալներով, Վրաստանի քաղաքացիները կկարողանան մեկ տարվա ընթացքում ժամանակավոր օրինական աշխատանք ունենալ Իսրայելի աշխատաշուկայում: Երկարաժամկետ խնամքի հաստատություններում աշխատանքի ընդունվելը հնարավոր է որպես օժանդակ աշխատող:

Խոսքը Վրաստանի 1000 քաղաքացիների մասին է, ովքեր կկարողանան մեկնել և աշխատել Իսրայելում: Աշխատանքի տևողությունը լրիվ դրույքով է, շաբաթական վեց աշխատանքային օր, շաբաթական 42 ժամ: Ամսական աշխատավարձը 5300 շեկել է՝ շաբաթական 42-ժամյա աշխատանքային գրաֆիկով:

Իսրայել ժամանող աշխատողները կստանան վիզա, որը կգործի մեկ տարի ժամկետով և կարող է երկարացվել առավելագույնը 63 ամսով: