Իսպանական գրիպի ժամանակաշրջանում ծնված տղամարդը 101 տարեկան հասակում պարտության է մատնել կորոնավիրուսը. Իտալական մամուլ
Իսպանական գրիպի ժամանակաշրջանում ծնված տղամարդը 101 տարեկան հասակում պարտության է մատնել կորոնավիրուսը. Իտալական մամուլ

Իսպանական գրիպի (իսպանկա) համաճարակի ժամանակ ծնված իտալացի տղամարդը, 101 տարեկանում պարտության է մատնել կորոնավիրուսը:

Իտալական «Ansa»-ի լրատվությամբ, իտալացի տղամարդը, որի ինքնության հրապարակումից տեղական իշխանությունները ձեռնպահ են մնում, բնակվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող Ռիմինի քաղաքում և հիվանդանոցից դուրս է գրվել այս շաբաթ: Ռիմինիի փոխքաղաքապետ Գլորիա Լիսիի խոսքով, տղամարդը արդեն իր ընտանիքի անդամների հետ է:

Իտալական լրատվամիջոցները հայտնում են, որ իտալացի տղամարդը ծնվել է 1919 թվականին:

«Հնարավոր է նրա կյանքը փրկել է սպորտով զբաղվելը: Մինչ վարակվելը նա ամեն օր մի քանի կիլոմետր անցնում էր հեծանիվով: Այժմ նա նման է նոր մարդու, իբր նոր է ծնվել: Հնարավոր է այս հաղթանակը նրան տվել է նոր էներգիա»,- ասել են առողջացած տղամարդու ընտանիքի անդամները:

Իսպանական գրիպը, տարբեր աղբյուրների համաձայն, Իտալիայում խլել է մոտ 600 000 մարդու կյանք, իսկ ամբողջ աշխարհում վարակի զոհ է դարձել 50 միլիոն մարդ: