Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանին
Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Քելլի Դեգնանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանին:

Ըստ Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության, բանակցությունները վերաբերել են վրաց-ամերիկյան ռազմավարական գործընկերության հիմնական ուղղություններին՝ տարբեր ոլորտներում, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսի պատճառով աշխարհում ստեղծված մարտահրավերների և պատվաստումների գործընթացը:

Վարչապետը ողջունել է ԱՄՆ առափնյա պահպանության USCGC HAMILTON (WMSL 753) նավի ժամանումը Բաթումիի նավահանգիստ՝ նշելով, որ այցը ընդգծում է Սև ծովի կարևորությունը եվրաատլանտյան անվտանգության համար և խթանում է անվտանգության համագործակցությունը, ինչպես նաև խաղաղությունն ու կայունությունը տարածաշրջանում:

Հանդիպման ընթացքում շեշտվել է արագ պատվաստումների և համատեղ ջանքերի կարևորությունը համաճարակի արդյունավետ պայքարի գործընթացում:

«Այսօր ինձ կարևոր հնարավորություն ընձեռվեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկելու մեր օրակարգի շատ հարցեր: Կան բազմաթիվ գերակա խնդիրներ, որոնց վրա մենք արդեն աշխատում ենք երկրի կառավարության հետ: Իհարկե, դրանք ներառում են կորոնավիրուսին արձագանքելը և պատվաստումների ծրագիր իրականացնելը: Հուսով ենք, որ Վրաստանի քաղաքացիները ակտիվորեն ներգրավված կլինեն պատվաստումների գործընթացին: Այս առումով Միացյալ Նահանգներում մենք մեծ հաջողությունների ենք հասել: Արդեն պատվաստվել է չափահաս բնակչության ավելի քան 55 տոկոսը: Ես էլ եմ պատվաստվել: Իմ դեռահաս երեխաները նույնպես պատվաստվեցին: Մենք տեսնում ենք, որ այս գործընթացը հնարավորություն է ընձեռում բացելու մեր տնտեսությունը և հատկապես դպրոցները և վերադառնալու քիչ թե շատ բնականոն կյանքին:

Այս ամենի վերաբերյալ լավ զրույց տեղի ունեցավ Վրաստանի վարչապետի հետ: Քննարկեցինք նաև անվտանգության օրակարգը և շատ հարցեր, որոնց վրա արդեն աշխատում ենք: Մենք սպասում ենք առափնյա պահպանության «Համիլթոն» նավին, ուստի ես վաղը կմեկնեմ Բաթումի: Մենք միշտ ուրախ ենք Վրաստան ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի ժամանման համար: Այս անգամ ես անհամբեր սպասում եմ, որ «Համիլթոնը» կմտնի երկիր: Վրացի սահմանապահները շատ լավ դասընթացներ ու վարժանքներ են անցել: Ինձ շատ տպավորեց այս անձնակազմի կարողություններն ու արհեստավարժությունը: Մենք ուրախ ենք, որ Վրաստանի հետ կշարունակենք աշխատել անվտանգության մի շարք հարցերի շուրջ», – ասաց Քելլի Դեգնանը վարչապետի հետ հանդիպումից հետո:

Հանդիպմանը մասնակցում էր ԱՄՆ դեսպանի տեղակալ Ռայան Հարիսը: