Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները որակել է տնտեսական շրջափակում
Հյուսիսային Կորեան ՄԱԿ-ի նոր պատժամիջոցները որակել է տնտեսական շրջափակում

Փհենյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր պատժամիջոցները մերժում է որպես պատերազմի ակտ: Այս մասին նշված է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ, որը դեկտեմբերի 24-ին տարածել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը:

Դեկտեմբերի 23-ին ՄԱԿ ԱԽ-ն միաձայն Հյուսիսային Կորեայի վրա ճնշում գործադրելու  նոր բանաձեւ է ընդունել՝ ի պատասխան «Հվասոն-15» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի վերջերս կատարած փորձարկումների:

«Մենք ամբողջությամբ մերժում ենք ԱՄՆ-ի եւ նրա առջեւ սողացող ուժերի թխած պատժամիջոցային բանաձեւը որպես կոպիտ միջամտություն, որը ոտնահարում է մեր երկրի ինքնիշխանությունը, որպես պատերազմի ակտ, որը կործանում է Կորեական թերակղզու խաղաղությունն ու անվտանգությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Ընդգծվում է, որ Փհենյանն այսուհետեւ եւս կշարունակի ամրապնդել միջուկային զսպման իր պաշտպանական ուժերը «ԱՄՆ-ի հետ ուժերի իրական հավասարակշռության հասնելու եւ Վաշինգթոնի կողմից միջուկային սպառնալիքները, շանտաժը եւ թշնամական գործողություններն արմատախիլ անելու համար:
Հյուսիսային Կորեայի ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ «եթե ԱՄՆ-ն ցանկանում է անվտանգության մեջ ապրել, պետք է հրաժարվի Հյուսիսային Կորեայի նկատմամբ թշնամական քաղաքականությունից եւ սովորի գոյակցել մի երկրի հետ, որը միջուկային սպառազինություն ունի»:

Նա նաեւ զգուշացրել է, որ ՄԱԿ ԱԽ-ում բանաձեւին կողմ քվեարկած երկրները «կկրեն հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը եւ իրենց արածի համար թանկ կվճարեն»:

Նոր պատժամիջոցներով լրացուցիչ սահմանափակումներ են սահմանվել Հյուսիսային Կորեա նավթի հումքի եւ նավթամթերքների մատակարարումների վրա: Պահանջվում է 24 ամսվա ընթացքում բոլոր երկրներից արտաքսել հյուսիսկորեացի աշխատանքային միգրանտներին: Սահմանափակումներ կան նաեւ Հյուսիսային Կորեա արդյունաբերական սարքավորումների, ծանր տեխնիկայի եւ փոխադրամիջոցների ներմուծման, արտահանվող հիմնական ապրանքների գնումների վրա: