Հունվարի 21-23-ին Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ
Հունվարի 21-23-ին Վրաստանի նախագահը Բրյուսելում հանդիպումներ կունենա Եվրամիության և ՆԱՏՕ-ի առաջնորդների հետ

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Բրյուսել:

Վրաստանի նախագահի աշխատակազմի հաղորդմամբ, աշխատանքային այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ Եվրախորհրդում, Եվրահանձնաժողովում և Եվրախորհրդարանում:

Հունվարի 22-ին Վրաստանի նախագահը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ, որից հետո լրատվամիջոցների համար առցանց ձևաչափում հանդես կգան համատեղ հայտարարություններով:

Բելգիայի Թագավորությունում և Լյուքսեմբուրգի Մեծ Դքսությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան, Եվրամիությունում Վրաստանի առաքելության ղեկավար, Նատալյա Սաբանաձեի հայտարարությամբ, նախագահի այցը կներառի Եվրամիության բոլոր երեք ոլորտները՝ Խորհուրդը, Հանձնաժողովը և Խորհրդարանը:

«Նախագահի այցը առանձնանում է նաև երկու հանգամանքով: Մեկը «կովիդ 19»-ի համավարակն է, որը շատ ակտիվ թեմա կլինի, իսկ մյուսը`Վրաստանի բուռն ցանկությունն է` 2024 թվականին Եվրամիությանը անդամակցելու պաշտոնական հայտ ներկայացնելը: Քննարկման թեման կլինի այն, թե ինչպես ենք պատրաստվում դրան և ինչ փուլեր պետք է անցնի Վրաստանը: Հիմնական ուշադրություն կդարձվի տնտեսական և ոլորտային ինտեգրման վրա, որպես քայլ դեպի ամբողջական ինտեգրում: Այս տարի կայանալու է նաև «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը նույնպես կարևոր է մեզ համար», – հայտարարել է Նատալյա Սաբանաձեն:

Աշխատանքային այցի շրջանակներում Վրաստանի նախագահը կհանդիպի Բելգիայի թագավորի և «Europalia» մշակութային փառատոնի ներկայացուցիչների հետ: