Համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Վրաստանի նախաձեռնությունը. Ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավ
Համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Վրաստանի նախաձեռնությունը. Ամերիկացի գեներալ Ֆիլիպ Բրիդլավ

ԱՄՆ-ը չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը անտեսելու շքեղություն,- այս վեռնագրով հոդված է հրապարակում ամերիկացի գեներալ և Եվրոպայում ամերիկյան ուժերի նախկին հրամանատար՝ Ֆիլիպ Բրիդլավը:

Ինչպես գրում է ամերիկացի բարձրաստիճան ռազմական պաշտոնյան, «նախագահական ընտրություններին ընդառաջ, շատ ամերիկացիներ անտեղյակ են այն փաստից, որ Հարավային Կովկասում Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանի կապակցությամբ կրկին պայթել է հակամարտությունը, որը խլել է հարյուրավոր մարդկանց կյանքեր»:

«Շատ ամերիկացիներ չեն գիտակցում, որ բացի տարածաշրջանի վրա լուրջ բացասական ազդեցությունից, այստեղ կշեռքի վրա դրված են նաև ԱՄՆ-ի շահերը, այդ թվում էներգոռեսուրսների և Հարավային Կովկասում կայունության տեսանկյունից»,- ասում է Բրիդլավը:

Գեներալը գտնում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պետք է ավելի ակտիվ դիվանագիտություն վարեն «աղետը կանխելու համար»:

«Հարավային Կովկասում տեղակայված է էական կարևորության էներգետիկ և տրանսպորտային ենթակառուցվածքներ: Խողովակները, որոնք Կասպյան բնական գազն ու նավթը Վրաստանով և Թուրքիայով տեղափոխվում է Եվրոպա, մեծ նշանակություն ունեն Ռուսաստանից Եվրոպայի էներգետիկ կախվածությունը նվազեցնելու տեսանկյունից: Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կարևոր դեր է խաղում ՆԱՏՕ-ի բեռները Աֆղանստան տեղափոխելու գործում: Հետևաբար, այս կարևոր ենթակառուցվածքի կորուստը կամ վնասը զգալի հարված կհասցնի ԱՄՆ-ի շահերին»,- գրել է Բրիդլավը:

Ամերիկացի բարձրաստիճան ռազմական պաշտոնյան գտնում է, որ «վերսկսված հակամարտությունը վնասում է ԱՄՆ-ի դաշնակից Վրաստանին, որի հաջողությունը մեծապես կախված է տարածաշրջանի կայունությունից»:

«Հնարավոր է, որ զարգանա մեկ այլ, ավելի անհանգստացնող սցենար: Եթե հակամարտությունն էլ ավելի սրվի, ամենայն հավանականությամբ տեղի կունենա ռուսական ռազմական միջամտություն, որն իր ազդեցությունը կունենա տարածաշրջանի ավելի լայն մասի վրա»,- ասվում է հոդվածում:

«Ռուսաստանը զգալի ռազմական ներկայություն ունի Հայաստանում և Երևանի հետ ունի ռազմական համաձայնագիր: Ռուսաստանը դեռ ձեռնպահ է մնում հակամարտությանը անմիջականորեն ներգրավվելուց: Փոխարենը, նա երկու անգամ կոչ արեց հաստատել հրադադար, սակայն երկու անգամ էլ նախաձեռնությունը գրեթե անմիջապես խափանվեց: Թուրքիան, որը սատարում է էթնիկորեն բարեկամ Ադրբեջանին, ռազմական օգնություն է ցուցաբերում Բաքվին և առաջնագիծ է ուղարկում սիրիացի վարձկաններին: Վերջապես, Իրանը, որը սահմանակից է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին: Միլիոնավոր էթնիկ ադրբեջանցիներ ապրում են Իրանի հյուսիսային նահանգներում: Հետևաբար, Իրանը կարող է հեշտությամբ ներքաշվել այս հակամարտության մեջ: Այսպիսով, տարածաշրջանում երեք խոշոր տերությունների աստիճանական ներգրավվածությունն այս հակամարտության մեջ մեզ համար պետք է լինի անընդունելի: Տարածաշրջանում ավելի մեծ հակամարտության ռիսկը պարզապես չափազանց մեծ է»,- նշում է Բրիդլավը:

Նրա գնահատմամբ, ստեղծված իրավիճակից ելնելով արևմուտքի արձագանքը ձգձգվում է:

«Ռուսաստանը, Ֆրանսիան և Ամերիկայի Միացյալ Նահանգները (ԵԱՀԿ-ի կողմից 1992 թվականին Ղարաբաղի վեճը որոշելու համար ստեղծված այսպես կոչված Մինսկի խմբի անդամ երկրները) համատեղ հայտարարություն են տարածել` կոչ անելով դադարեցնել կրակը: Այնուամենայնիվ, ԱՄՆ-ը դիվանագիտորեն մեկուսացված է տարածաշրջանից, ինչը թուլացնում է իր դիրքերը և սահմանափակում է հնարավորությունը, հասնել իրական առաջընթացին»,- գրում է Բրիդլավը::

Ամերիկացի գեներալի կարծիքով, «Հարավային Կովկասը նախկին Խորհրդային Միության տարածքում առավել պայթյունավտանգ տարածաշրջաններից մեկն է և, ամենայն հավանականությամբ, այդպիսին կմնա առաջիկայում»:

«Երեք հակամարտություն. Լեռնային Ղարաբաղը, Աբխազիան և Հարավային Օսիան մինչև այժմ «քնած» էին, սակայն վերջերս տեղի ունեցած բախումները ցույց տվեցին, որ ցանկացած պահի լարվածությունը կարող է վերաճել պայթյունի: Հետագա սրման կանխումը պետք է լինի Հարավային Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գերակայությունը»,- ասվում է հոդվածում:

Միևնույն ժամանակ, Բրիդլավը բարձր է գնահատել պետքարտուղար Մայք Պոմպեոյի փորձերը, հակամարտող կողմերի արտաքին գործերի նախարարներին խորհրդակցությունների համար Վաշինգտոն բերելու կապակցությամբ, սակայն նրա խոսքով պետք է ավելին անել:

«Գրեթե 25 տարի ԱՄՆ-ը քրտնաջան աշխատում է Հարավային Կովկասում կայունությունը պահպանելու ուղղությամբ: ԱՄՆ-ն աջակցել է Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախությանը և եվրաատլանտյան ինստիտուտներին ինտեգրվելու նրանց ձգտումներին: Տարածաշրջանում Միացյալ Նահանգների ներգրավվածությունը էականորեն սահմանում է ԱՄՆ-ում հայկական մեծ սփյուռքը, տարածաշրջանային էներգետիկ նախագծերը, ինչպես նաև տարածաշրջանի աճող քաղաքական կապերը Վրաստանի հետ», – գրել է Բրիդլավը:

Ըստ նրա, այդ քայլերն արդեն արդյունք են տվել Վրաստանում, և նրա պարզաբանմամբ, համաշխարհային առաջնորդները պետք է լուրջ քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին Վրաստանի նախաձեռնությունը

«Վրաստանի առաջընթացը դեպի արևմտյան արժեքներ տանող ճանապարհին և երկրի հստակ աջակցությունը ՆԱՏՕ-ին Աֆղանստանում, հաստատում են մեր ջանքերի նպատակահարմարությունը: Այսօր Վրաստանը պատրաստ է իր ներդրումն ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում և մաս կազմել այս գործընթացում: Արևմտյան առաջնորդները պետք է լրջորեն քննարկեն այս առաջարկը և գնահատեն հակամարտության կարգավորման ուղղությամբ տարածաշրջանում վստահելի երկրի ջանքերը: ԱՄՆ-ի ակտիվ դիվանագիտությունը կարևոր է Մինսկի գործընթացի միջոցով հակամարտությունը ապասրելու և գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ աշխատելու համար: Ամենայն հավանականությամբ, կարևոր է նաև հստակ աջակցությունը այնպիսի վստահելի դաշնակցի և գործընկերոջ նախաձեռնության հանդեպ, ինչպիսին Վրաստանն է»,- գրում է բրիդլավը:

Թողնել մեկնաբանություն