Հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորով. Իրակլի Կոբախիձե
Հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորով. Իրակլի Կոբախիձե

«Վրացական երազանքը» հաջորդ խորհրդարանում կներկայացնի 90 պատգամավոր: «Ազգային շարժումը» – 36 մանդատով,  «Եվրոպական Վրաստանը» – 5, «Լելոն», «Ռազմավարություն Աղմաշենեբելին», «Հայրենասերների դաշինքը» և «Գիրչին» –  4 ական մանդատով, «Մոքալաքեեբին» – 2 տեղ, «Լեյբորիստական ​​կուսակցություն» – 1 մանդատ,- այս մասին հայտարարել է «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան»-ի գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն:

Կոբախիձեն այս հայտարարությունը արել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի ավարտից հետո:

«Ինչպես գիտեք, 2016 թվականի նման, ցավոք, ընդդիմությունն այս անգամ էլ հրաժարվեց մասնակցել երկրորդ փուլին: Այնուամենայնիվ, չնայած ընդդիմության սաբոտաժին, այսօր մեր կես միլիոնից ավելի համաքաղաքացիներ ցույց տվեցին բարձր քաղաքացիական պատասխանատվություն և ներկայացան ընտրատեղամասեր:

Մենք ունենք քվեարկության նախնական տվյալներ: Ինչպես և սպասվում էր, «Վրացական երազանքի» 17 թեկնածուներ ձեռք են բերել պատգամավորական մանդատներ:

Հետևաբար, հաջորդ խորհրդարանում «Վրացական երազանքը» ներկայացված կլինի 90 պատգամավորով:

Ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Միասնական ազգային շարժում» – 36 տեղ,  «Եվրոպական Վրաստան» – 5 տեղ, «Լելո», «Ռազմավարություն Աղմաշենեբելի», «Հայրենասերների դաշինք» և «Գիրչի» –  4 ական մանդատ, «Մոքալաքեեբի» – 2 տեղ, «Լեյբորիստական ​​կուսակցություն» – 1 մանդատ:

Արդյունքում, հիմնվելով ընտրական համակարգին, որը համաձայնեցվել է մեր միջազգային գործընկերների ջանքերով, ձևավորվել է բազմակուսակցական խորհրդարան, որը ներկայացնում է իննը քաղաքական սուբյեկտ և որտեղ իշխող կուսակցությունը չունի չափազանց մեծամասնություն:

Սա վրացական ժողովրդավարության զարգացման մեջ առաջընթացի ամենակարևոր քայլն է», – հայտարարել է Կոբախիձեն:

Ըստ նրա ՝ նոր, բազմակուսակցական խորհրդարանը կդառնա երկրի զարգացման կարևորագույն հարցերի շուրջ քաղաքական քննարկումների լավագույն հարթակը:

«Հաջորդ խորհրդարանը պետք է դառնա կարևորագույն ժողովրդավարական գործիքը այն տնտեսական և սոցիալական մարտահրավերների հաղթահարման համար, որը երկրում ստեղծել է գլոբալ համավարակը:

Ցանկանում եմ շնորհավորել մեր յուրաքանչյուր քաղաքացուն խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտի կապակցությամբ:

Իհարկե, մենք առանձնահատուկ շնորհակալություն ենք հայտնում մեր աջակիցներին վստահության համար: «Վրացական երազանքն» ամեն ինչ անելու է այս վստահությունն արդարացնելու համար: Ավելի ուշ կներկայացնենք երկրորդ փուլի ճշտված արդյունքները», – հայտարարել է Կոբախիձեն: