Գտնում եմ, որ այս պահի դրությամբ իմ առաքելությունը կատարել եմ. Մամուկա Բախտաձե
Գտնում եմ, որ այս պահի դրությամբ իմ առաքելությունը կատարել եմ. Մամուկա Բախտաձե

Մամուկա Բախտաձեն այսօր տարածած հայտարարության մեջ նշում է, թե ինչու է հեռանում Վարչապետի պաշտոնից: Մամուկա Բախտաձեն գրում է, որ իր կարծիքով, առաքելությունն այս փուլում կատարված է:

«2018 թվականին Վրաստանի վարչապետի պաշտոնում ինձ առաջադրելու նպատակն ու գլխավոր մանդատն էր երկրի համար ստեղծել և արմատավորել ռազմավարական զարգացման շրջանակը, որը հաջորդ տարիներին կապահովեր մեր պետական ​​նպատակների իրագործումը և կդառնար երկրի զարգացման ուղեցույցը: Զարգացման ռազմավարական շրջանակը ստեղծվել է, հաստատվել և համապատասխանաբար որոշում եմ կայացրել լքել պաշտոնը, քանզի գտնում եմ, որ իմ առաքելությունն այս պահին կատարել եմ: Ինձ համար մեծ պատիվ էր, և միևնույն ժամանակ մեծ պատասխանատվություն Վրաստանի վարչապետի կարգավիճակում ծառայել մեր երկրի շահերին: Ես եղել եմ և կլինեմ «Վրացական երազանք» թիմի անդամը և մեր երկրի նվիրյալ զինվորականը»,-ասված է Մամուկա Բախտաձեի հայտարարության մեջ:

Մամուկա Բախտաձեին վարչապետի պաշտոնում Վրաստանի խորհրդարանը հաստատել էր 2018 թվականի հունիսի 20-ին: 2017 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2018 թվականի հունիսի 20-ը Մամուկա Բախտաձեն զբաղեցնում էր Վրաստանի ֆինանսների նախարարի պաշտոնը: Իսկ մինչ նախարարի պաշտոնին նշանակվելը նա զբաղեցնում էր «Վրացական երկաթգծի» գլխավոր տնօրենի պաշտոնը: