Գիորգի Գախարիան ԱՄՆ-ին շնորհավորել է անկախության օրվա առթիվ - Վրաստանը և ԱՄՆ-ը վստահելի, հուսալի ռազմավարական գործընկերներ են
Գիորգի Գախարիան ԱՄՆ-ին շնորհավորել է անկախության օրվա առթիվ - Վրաստանը և ԱՄՆ-ը վստահելի, հուսալի ռազմավարական գործընկերներ են

Ինձ համար մեծ պատիվ է, անկախության օրը շնորհավորել մեր ռազմավարական գործընկերոջը և բարեկամին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին: Այս օրը կարևոր է ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգների, այլև՝ ողջ աշխարհի համար, որպես օր, երբ ստեղծվել է պետություն, որը ժողովրդավարության և ազատության խորհրդանիշ է բոլորի համար, ովքեր կիսում են այդ արժեքները,- այս խոսքերով է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորել Ամերիկայի Միացյալ Նահանգներին՝ անկախության օրվա առթիվ:

Կառավարության ղեկավարը հայտարարում է, որ հենց այդ արժեքներով է առաջնորդվում վրաց ժողովուրդը, որը կայուն կանգնած է ազատության, ժողովրդավարության ամրապնդման, հզոր էկոնոմիկայի շինարարության և իր քաղաքացիների առողջության և բարօրության ապահովման ճանապարհին:

«Մեր արտաքին քաղաքականության առաջնահերությունը եվրոպական և եվրատլանտյան ինտեգրումն է և այդ նպատակներին հասնելու համար մենք աշխատում ենք միասին: Ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել մեր ամերիկացի գործընկերներին այս գործընթացում կայուն աջակցելու համար:

Գրեթե երեք տասնամյակների ընթացքում ԱՄՆ-ը աջակցում է Վրաստանին: Մենք միասին հաղթահարել ենք բազմաթիվ մարտահրավերներ, հասել ենք բազմաթիվ նպատակների և դարձել համատեղ հաջողությունների ականատեսը: Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությանը շնորհակություն եմ հայտնում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում Վրաստանին աջակցելու համար: Վստահ եմ, համատեղ ջանքերով մենք կկարողանանք հաղթահարել վարակը»,- հայտարարել է Գիորգի Գախարիան:

Վարչապետի գնահատմամբ, Վրաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությունն այս պահին ամենաբարձր մակարդակի վրա է:

«Մենք կարևոր առաջընթաց ենք արձանագրել հանգուցային ոլորտներում և բարձր մակարդակի հասցրել մեր համագործակցությունը, այդ թվում՝ պաշտպանությունը և անվտանգությունը, ինչպես նաև՝ առևտրի և էկոնոմիկայի տեսանկյունից: Մեր երկրների միջև օրեցօր ամրապնդվում են կապերը: Բացի այդ, մենք տեսնում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առևտրի և տնտեսական համագործակցության ուղղությամբ հսկայական ներուժ»,- նշում է կառավարության ղեկավարը:

Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնում ԱՄՆ-ի նորանշանակ դեսպան Քելլի Դեգնանին և դեսպանության ողջ թիմին՝ երկրին աջակցելու և ջանքեր գործադրելու համար: