Գիորգի Գախարիա. Վրաստանին աջակցող արձանագրությունը զգալիորեն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները
Գիորգի Գախարիա. Վրաստանին աջակցող արձանագրությունը զգալիորեն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստան հարաբերությունները

Ցանկանում եմ, վրաց ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատին՝ Վրաստանին աջակցող արձանագրություն ընդունելու համար: Սա Վրաստանի հետ կապված առաջին օրենքն է, որի շնորհիվ մեր գործընկերությունը բարձրանում է նոր աստիճանի,- այս մասին նշված է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հայտարարությունում, որը հրապարակվել է կառավարության ղեկավարի «Թվիթերի» էջում:

«Ամերիկայի Միացյալ Նահանգները մեր ամենասերտ դաշնակիցն է»,- հայտարարում է Գիորգի Գախարիան:

Բացի այդ, Վրաստանի կառավարության ղեկավարն ընդգծում է պաշտպանության և տնտեսական ուղղություններով փաստաթղթի նշանակությունը:

«Վրաստանին աջակցող արձանագրությունը զգալիորեն կամրապնդի հարաբերությունները ԱՄՆ-ի և Վրաստանի միջև պաշտպանության, էկոնոմիկայի և կիբերանվտանգության ոլորտներում: Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ առավել սերտ համագործակցությունը Վրաստանին կօգնի ստեղծել առավել շատ աշխատատեղեր, ձևավորել հզոր միջին խավ և պահպանել կայուն անվտանգությունը»,- գրում է վարչապետը:

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը միաձայն հաստատել է Վրաստանին աջակցող երկկուսակցական արձանագրությունը: ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատն արդեն հաստատված օրենսդրական արձանագրության նախագիծն ուղարկելու է ԱՄՆ-ի սենատին: Սենատի համապատասխան կոմիտեների և սենատի լիագումար նստաշրջանին օրինագծի հաստատումից հետո այն ստորագրելու համար ուղարկվելու է ԱՄՆ-ի նախագահին: Թրամփի ստորագրելուց հետո այն կստանա օրենքի ուժ: