Գիորգի Գախարիա. Հետագա 4 տարիների ընթացքում ամեն բան պետք է անենք, որպեսզի հաղթահարենք համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, որը գլոբալ է
Գիորգի Գախարիա. Հետագա 4 տարիների ընթացքում ամեն բան պետք է անենք, որպեսզի հաղթահարենք համավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը, որը գլոբալ է

Մեր երկրի ազգային բազմազանությունը, իհարկե, մեր հզորությունն է: Մեր տարածաշրջանի՝ Կովկասի ազգային բազմազանությունը մեր հզորությունն է, մեզ Վրաստանում հաջողվում է և ապագայում ևս կհաջողվի, որպեսզի հանգիստ միջավայրում, խաղաղ կերպով բոլորս միասին աշխատենք ի բարօրություն այս երկրի, որպեսզի մեր երկիրը դառնա առավել հզոր,- այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Ախալքալաքում և Նինոծմինդայում՝ «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավորի թեկնածու Սամվել Մանուկյանին ներկայացնելիս:

Նրա խոսքով, 2013 թվականին Ախալքալաքի բյուջետային եկամուտները կազմել է 390 հազար լարի, իսկ այս տարի բյուջետային եկամուտները գերազանցել են 10 միլիոն լարին:

«Իհարկե, այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ Ախալքալաքում աշխատում են, մարդիկ Ախալքալաքում ստեղծում են նոր բիզնես, նոր ձեռնարկություններ, Ախալքալաքում գյուղացին դառնում է հզոր ֆերմեր: Պետությունը, ինչպես մինչ այժմ է եղել տեղի բնակչության կողքին, այդպես էլ կշարունակի, պետական աջակցության տարբեր ծրագրերով՝ գյուղատնտեսական ծրագրերը, էկոնոմիկայի նախարարության ծրագրերը: Ամեն բան կանենք, որպեսզի մեր քաղաքացիները գյուղացուց դառնան ֆերմեր, որպեսզի ստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր և նրանք արժանի կերպով հոգան իրենց ընտանիքների մասին»,- հայտարարել է վարչապետը:

Գիորգի Գախարիան նշել է, որ համակարգային ենթակառուցվածքային նախագծերի վրա, առաջիկա 4 տարվա ընթացքում, կծախսվի առնվազն 20 միլիարդ լարի:

«Ճանապարհները շատ ծանր վիճակում են, առանձնապես՝ Ախալցիխե-Ախալքալաք կապող ճանապարհը, որի հիմնանորոգումը շուտով կավարտվի: Լավ վիճակում է և հետագա զարգացման անհրաժեշտություն ունի Ախալքալաք-Նինոծմինդա ճանապարհը: Ախալքալաքում պետք է կարգավորել նաև ներքին ճանապարհները, պետք է վերականգնել նաև Ախալքալաքի պատմական բերդ-ամրոցը, որպեսզի դառնա զբոսաշրջիկների գրավչության ուժ: Այս ամենը պետք է անենք միասին, սակայն կարևորն այն է, որ մեծ տարբերություն չպետք է լինի, թե որտեղ է ապրում մարդ – Ախալքալաքում, Ախալցիխեում, Բաթումիում, Թբիլիսիում թե Ռուսթավիում»,- հայտարարել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է, որ կառավարության հիմնական նպատակն է արժանի աշխատատեղեր ստեղծել Վրաստանի քաղաքացիների համար, որպեսզի նրանք կարողանան արժանի աշխատանքով հոգալ իրենց ընտանիքների մասին:

«Սա կարևորագույն հարցն է և մենք ամեն բան պետք է անենք հետագա 4 տարիների ընթացքում, արագ պետք է հաղթահարենք այս տնտեսական ճգնաժամը, որը պայմանավորված է համավարակով և գլոբալ է: Դրա համար մեզ անհրաժեշտ է հաղթանակ և այդ հաղթանակն անհրաժեշտ է հոկտեմբերի 31-ին: Սա ոչ միայն «Վրացական երազանքի», այլ՝ ողջ Վրաստանի հաղթանակն է»,- նշել է Գիորգի Գախարիան: