Գիորգի Գախարիա. Ամեն բան պետք է արվի, հասարակական տրանսպորտը անվտանգ և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար
Գիորգի Գախարիա. Ամեն բան պետք է արվի, հասարակական տրանսպորտը անվտանգ և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար

Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ կայացել է միջգերատեսչական համակարգող խորհրդի հերթական նիստը:

Խորհրդի անդամները քննարկել են արտակարգ դրության ավարտից հետո կառավարության որոշմամբ պահպանված մի շարք սահմանափակումների հարցը և համաճարակային դրությանը համապատասխան դրանց աստիճանաբար չեղարկման հնարավորությունները:

«Իշխանությունը գիտակցում է գործող սահմանափակումներով, հատկապես հասարակական տրանսպորտի երթևեկության դադարեցմամբ բնակչության համար ստեղծված բարդությունները և մեկ անգամ ևս պարզաբանում, որ նշված քայլերը ծառայում են քաղաքացիների առողջության համար վտանգներից առավելագույն խուսափելուն և կորոնավիրուսի դեմ պայքարի տեսանկյունից ունեցած դրական արդյունքների պահպանմանը»,- ասվում է վարչապետի մամլո ծառայության կողմից տարածված տեղեկության մեջ:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ ամեն բան պետք է արվի հասարակական տրանսպորտը անվտանգ և հնարավորինս կարճ ժամկետում վերականգնելու համար:

Այս պահի դրությամբ, կրկին ուժի մեջ է մնում կարանտինային ռեժիմը Թեթրիծղարոյի և Բոլնիսիի մունիցիպալիտետների երկու գյուղերում՝ Մուշևանում և Գետայում:

Ինչ վերաբերում է երկրի մասշտաբով տիրող համաճարակային վիճակին, այսօրվա տվյալներով, Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսով վարակվելու 731 դեպք, այստեղից ապաքինվել է 526-ը: Արտասահմանից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել Վրաստանի երեք քաղաքացի: Մահացել է 12 մարդ:

Կարանտինի ռեժիմում է մնում 3076 մարդ, ստացիոնար հսկողության տակ՝ 326-ը:

Թողնել մեկնաբանություն