Ղազախստանն ամերիկյան ընկերությունների հետ 2,5 մլրդ դոլարի համաձայնագրեր է ստորագրել
Ղազախստանն ամերիկյան ընկերությունների հետ 2,5 մլրդ դոլարի համաձայնագրեր է ստորագրել

Ղազախստանը ընդհանուր 2,5 մլրդ դոլարի ամերիկյան արտադրանք և ծառայություններ է գնել՝ երկրի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի Վաշինգթոն այցի շրջանակում: Այս մասին հայտնել է  Պետքարտուղարության մամուլի ծառայությունը:

«Այցի ընթացքում ստորագրվել են մեծ թվով պայմանագրեր և փաստաթղթեր, այդ թվում՝ Boeing Company-ի, GE Transportation-ի, GE Digital-ի, Chevron-ի, Air Astana-ի, KazTemirZholy-ի, SCAT Airlines-ի և ազգային բարեկեցության «Սամրուկ-Կազինա» հիմնադրամի միջև  նոր համաձայնագրեր 2,5 մլրդ դոլարից ավելի ամերիկյան արտադրանք և ծառայություններ ձեռք բերելու մասին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն ու Ղազախստանը շարունակում են համագործակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակում: 2016 թվականին երկկողմանի առևտրի ծավալը հասել է 1,9 մլրդ դոլարի, Վաշինգթոնն ու Աստանան մտադիր են այս ոլորտում հարաբերությունները զարգացնել:

Նուրսուլթան Նազարբաևի մամուլի ծառայությունն իր հերթին հայտնել է, որ Ղազախստանի նախագահի այցի ընթացքում ստորագրվել է ավելի քան 20 համաձայնագիր ներդրումային և առևտրատնտեսական համագործակցության մասին:

Մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ այցի շրջանակում կնքվել է 3 միջկառավարական համաձայնագիր՝ պետական օդանավերի աերոնավիգացիոն սպասարկման դիմաց չվճարելու մասին, Ղազախստանի տարածքով երկաթուղային կոմերցիոն տարանցման ապահովման մասին համաձայնագրի արձանագրություն, միջազգային հարկային կարգապահության կատարելագործման մասին համաձայնագիր: