Ֆրանսիայում անվտանգության մասին վիճահարույց օրինագծի հակառակորդների ցույցին ձերբակալվել է 75 անձ
Ֆրանսիայում անվտանգության մասին վիճահարույց օրինագծի հակառակորդների ցույցին ձերբակալվել է 75 անձ

Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է 75 մարդ: Փարիզում և այլ քաղաքներում ցույց է անցկացվել ընդդեմ անվտանգության մասին վիճահարույց օրինագծի: Այս մասին տեղեկատվություն է տարածում «Ֆրանս 24»-ը:

Հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ տարածվում են տարբեր տվյալներ: Ոստիկանության տվյալներով, ամբողջ երկրում ցուցարարների թիվը կազմել է 34 հազար: Հանրահավաքի կազմակերպիչների խոսքով, վիճահարույց օրինագծի դեմ Ֆրանսիայում բողոքել է մոտ 200 000 մարդ:

Իրավապահ մարմինների կողմից ձերբակալված 75 անձանցից 24-ը կալանավորվել են Փարիզում: Տուժել է 12 ոստիկան: Փարիզում ցուցարարները փողոց են դուրս եկել չնայած ձյան տեղումներին: Ցուցարարների պաստառների վրա գրված էր ՝ «Ոստիկանությունն ամենուր է, իսկ արդարությունը ոչ մի տեղ», «Արտակարգ դրություն, ոստիկանական պետություն»:

Անվտանգության մասին վիճահարույց օրինագիծը բազմիցս դարձել է զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառ: Այս օրինագիծը արգելում է իրավապահ մարմինների աշխատակիցների նույնականացման պատկերների հրապարակումը ինտերնետում, ինչպես նաև տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցներում `նրանց ֆիզիկական կամ հոգեբանական վնաս պատճառելու նպատակով: