Ֆրանսիայում կարգելվի փողոցներում աղոթելը
Ֆրանսիայում կարգելվի փողոցներում աղոթելը

Ֆրանսիայում ոստիկանությունը «կխանգարի» նրանց, ովքեր կաղոթեն քաղաքների փողոցներում: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:

«Փողոցներում աղոթքներ չեն լինի: Հավատացյալները պետք է կրոնական ծեսեր անցկացնելու վայրեր ունենան», – մեջբերում է Le Figaro-ն Կոլոնի խոսքը:

RFI-ի հաղորդմամբ՝ այսպես նախարարը մեկնաբանել է Կլիշի Լա Գարեն կոմունայում ծագած հակամարտությունը, որտեղ նոյեմբերի 10-ին մոտ հարյուր պետական ծառայող (քաղաքապետներ, խորհրդարանականներ, տարածաշրջանային և քաղաքային պատգամավորներ, այդ թվում՝ «Հանրապետականներ» կուսակցության պատգամավորներ) անցել են քաղաքով պաստառներով, որոնք կոչ են անում դադարեցնել «ապօրինի աղոթքները փողոցներում»:

Նշվում է, որ քաղաքական գործիչները, երգելով երկրի օրհներգը, փորձել են թույլ չտալ աղոթել փողոցում տեղացի մահմեդականներին, որոնք արդեն ինը ամիս անում են դա կենտրոնական փողոցում՝ քաղաքապետարանի շենքի դիմաց:

Աղբյուրը մանրամասնում է, որ հավատացյալներն աղոթում են փողոցում որպես բողոքի նշան. մարտին քաղաքում փակվել է աղոթելու համար նախատեսված դահլիճը, որն այցելել է երեք հազարից մինչև հինգ հազար մարդ: