Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի անդամներին գագաթնաժողովին Ամազոնի անտառում բռնկված հրդեհը քննարկելու կոչ է անում
Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի անդամներին գագաթնաժողովին Ամազոնի անտառում բռնկված հրդեհը քննարկելու կոչ է անում

Էմանուել Մակրոնը Մեծ յոթնյակի անդամ պետություններին գագաթնաժողովին Ամազոնի անտառում բռնկված հրդեհը քննարկելու կոչ է անում: Ֆրանսիայի նախագահը աշխարհի ամենամեծ արևադարձային անտառում բռնկված հրդեհին արձագանքել է իր թվիթերյան էջում և հայտարարել, որ սա միջազգային ճգնաժամ է:

«Մեր տունն այրվում է բառացի իմաստով: Ամազոնի արևադարձային անտառը, թոքերը, որոնք մշակում են Երկրի թթվածնի 20 տոկոսը, շրջապատված է կրակով: Սա միջազգային ճգնաժամ է: Դիմում եմ ձեզ, Մեծ յոթյակի գագաթնաժողովի անդամներ, եկեք, երկու օրից, առաջին հերթին քննարկենք այս արտակարգ վիճակը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը՝ «Թվիթեր» միկրոբլոգում:

Էմանուել Մակրոնի հայտարարությանն արդեն արձագանքել է Բրազիլիայի նախագահը: Ժաիր Բոլսոնարուն քննադատել է ֆրանսիացի գործընկերոջը: Նա նշել է, որ Մակրոնն այս հարցը օգտագործել է իր քաղաքական նպատակների համար:

Բրազիլիայի տիեզերական հետազոտության կենտրոնի տեղեկությամբ, Ամազոնի արևադարձային անտառում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատ հրդեհների թիվն ավելացել է 80 տոկոսով: Աղետն այժմ մոլեգնում է միաժամանակ երկու նահանգում: