Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում սենատին է փոխանցվել մեղադրական եզրահանգումը
Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում սենատին է փոխանցվել մեղադրական եզրահանգումը

ԱՄՆ-ի ներկայացուցիչների պալատը Դոնալդ Թրամփի դեմ իմպիչմենթի գործընթացի շրջանակներում սենատին է փոխանցել մեղադրական եզրահանգումը: Համապատասխան փաստաթուղթը մինչ այդ ստորագրել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսին:

«Ժողովրդավարական կուսակցության» կողմից վերահսկվող ներկայացուցիչների պալատում անցկացված քվեարկության ժամանակ, գործը սենատին փոխանցելու որոշմանը կողմ է քվեարկել 228 օրենսդիր, դեմ է եղել 193 կոնգրեսական:

Դոնալդ Թրամփի դեմ առաջադրված երկու մեղադրանքներն են՝ իշխանությունը չարաշահելը և կոնգրեսում ընթացող հետաքննությանը խանգարելը:

Կոնգրեսի վերին պալատում իմպիչմենթի գործընթացը մեկնարկելու է հաջորդ շաբաթ:

Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի պատմության մեջ երրորդ նախագահն է, ում դեմ իրականացվելու է իմպիչմենթի գործընթաց:

Ինչպես կանխատեսում են, սենատը, որը վերահսկում են հանրապետականները, արդարացնելու է Թրամփին:

Դոնալդ Թրամփի իմպիչմենթի գործընթացը ժողովրդավարներն սկսել էին 2019 թվականի վերջին: Ընդդիմախոսները Թրամփին մեղադրում են ուկրաինացի գործընկերոջ, Զելենսկիի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ: