Դոնալդ Թրամփ. Մենք գործեցինք պատերազմը կանխելու և ոչ թե այն սկսելու համար
Դոնալդ Թրամփ. Մենք գործեցինք պատերազմը կանխելու և ոչ թե այն սկսելու համար

Նախորդ գիշեր մենք գործեցինք պատերազմը կանխելու և ոչ թե պատերազմ սկսելու համար,- այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը՝ մամլո ասուլիսին:

Դոնալդ Թրամփի խոսքով, Վաշինգտոնը պետք է չեզոքացներ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին և փրկեր բազմաթիվ կյանքեր:

ԱՄՆ-ի նախագահի հայտարարությամբ, Ղասեմ Սոլեյմանը գլխավորում էր բողոքի ցույցերի դեմ դաժան ճնշումներն Իրանում, որտեղ տանջել և սպանել են ավելի քան 1000 անմեղ մարդու:

«Ես խորապես հարգում եմ իրանցի ժողովրդին: Այս ժողովուրդն ունի անսահման ներուժ: Մենք չենք փորձում փոխել ռեժիմը, սակայն Իրանի ռեժիմի ագրեսիան տարածաշրջանում, այդ թվում՝ խամաճիկային ուժերի կիրառումն իր դրացիների ապակայունացման համար, պետք է ավարտվի և հենց հիմա»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը մամլո ասուլիսին:

Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեյը խոստանում է վրեժ լուծել իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության համար:

ԱՄՆ-ում հաստատում են իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունը: Պենտագոնի տեղեկությամբ, հարձակման հրամանն արձակել է անձամբ երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:

Իրանի հեղափոխության հսկիչների կորպուսի հրամանատարի տեղակալ, գեներալ Ղասեմ Սոլեյմանն Իրաքում սպանվել էր հունվարի 2-ի գիշերը, ԱՄՆ-ի ավիահարձակման հետևանքով: