Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի և գլխավոր քարտուղարի հետ
Դավիթ Զալկալիանին հանդիպել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցչի և գլխավոր քարտուղարի հետ

Փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հանդիպեց Հարավային Կովկասում ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի հատուկ ներկայացուցիչ Կարի Հենրիքսենի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելայի հետ:

Վրաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ ներկայացուցիչներին Ռուսաստան-Վրաստան հակամարտությանը վերաբերող հարցերում, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում ներգրավվածության համար: Նախարարը նշել է, որ Վրաստանը ակտիվորեն նպաստում է ԵԱՀԿ խորհրդարանական հարթության աշխատանքին: Հանդիպման ընթացքում Դավիթ Զալկալիանին խոսեց Ռուսաստանի կողմից Վրաստանի օկուպացված շրջաններում անվտանգության, հումանիտար և մարդու իրավունքների դժվար իրավիճակի և օկուպացիոն ուժերի սադրիչ գործողությունների մասին, այդ թվում՝ բնակչության ապօրինի առեւանգումների, ձերբակալությունների ու սպանությունների փաստերի մասին: Նախարարն ընդգծեց այն փաստը, որ Ռուսաստանը չի կատարում 2008 թվականի հրադադարի պայմանագրի դրույթները և այս համատեքստում խոսեց միջազգային հանրության համախմբված ներգրավվածության կարևորության մասին:

Նախարարը խոսեց նաեւ ռուս-վրացական հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ Վրաստանի ձեռնարկած քայլերի մասին: Զրույցում անդրադարձ է եղել նաեւ Ժնեւի միջազգային բանակցային գործընթացին: Կողմերը քննարկել են նաև իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Նախարարը ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներին տեղեկացրեց Վրաստանում 2021 թվականի հոկտեմբերի 2-ին նշանակված տեղի ինքնակառավարման մարմինների ընտրությունների և հարակից հարցերի մասին: