Դատախազությունը Նիկոլա Սարկոզիի համար պահանջում է չորսամյա բանտարկություն, այստեղից երկու տարին պայմանական
Դատախազությունը Նիկոլա Սարկոզիի համար պահանջում է չորսամյա բանտարկություն, այստեղից երկու տարին պայմանական

Դատախազությունը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի համար պահանջում է չորսամյա  ազատազրկում, այստեղից երկու տարին պայմանական: Համապատասխան տեղեկատվությունը տարածում է «Ֆրանս 24»-ը:

Դատախազությունը նման պատիժ է պահանջում Սարկոզիի փաստաբանի ՝ Տիերի Հերցոգի, ինչպես նաև դատավոր Ժիլբեր Ազիբերի համար: Մեղադրող կողմը պահանջում է նաև, որ փաստաբանը հինգ տարով զրկվի փաստաբանական գործունեություն իրականացնելու իր իրավունքից:

65-ամյա Սարկոզին մեղադրվում է կոռուպցիայի և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ: Մասնավորապես, նախկին նախագահը մեղադրվում է դատավորին կաշառելու մեջ: Ինչպես հաստատում է մեղադրող կողմը, Սարկոզին դատավորին խնդրել է տեղեկատվություն տրամադրել իր դեմ ընթացող հետաքննության վերաբերյալ:

Նիկոլա Սարկոզին իրեն մեղավոր չի ճանաչում: Ինչպես նա դեկտեմբերի 7-ին հայտարարել է դատարանում, ինքը երբեք չի կատարել նույնիսկ ամենափոքր կոռուպցիոն գործողություն:

Ընդհանուր առմամբ Նիկոլա Սարկոզիի դեմ ընթանում է չորս հետաքննություն:

Նիկոլա Սարկոզին Ֆրանսիայի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր 2007-2012 թվականներին: